«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»: Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարեւան Եղեգ գյուղի դպրոց:
Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես աշակերտ չունեն: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ այս ամենը արտագաղթի հետեւանք է: Իսկ մինչ այդ, նկատենք, որ այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: