Նոր Հաճնում թեժ է լինելու. ընկերոջը գնդակահարած «Ուզբոն» թեկնածու է. քաղաքը Ծառուկյանից «վերցնում են». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը։

Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը։

Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել։

Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նոր Հաճնը և, առհասարակ, Կոտայքը մշտապես եղել են ծառուկյանական ազդեցության ներքո, համայնքի ղեկավարներն էլ Ծառուկյանի մարդիկ են, ինչպես գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը, որը նույնպես ինքնառաջադրվել է։ Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ իշխանությունը որոշել է «վերցնել» Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածքները՝ դրանով է պայմանավորված Քեշիշյանի առաջադրումը։ Կա նաև երրորդ թեկնածու՝ Հայկ Կիրակոսյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս