Արտաշատ քաղաքում աշխատանքից ազատված դպրոցների տնօրենների շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում աշխատանքից ազատված դպրոցների տնօրենների շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են քաղաքի թիվ 5 եւ թիվ 4 դպրոցների տնօրենները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները եւ ուսուցիները դեմ են դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մարզպետի որոշմանը: Նրանք նույնիսկ այդ առիթով բողոքի ակցիա էին անցկացրել: Սակայն անարդյունք: Մարզպետի որոշումն անփոփոխ էր մնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետի տեսադաշտում է հայտնվել նաեւ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանը: Վերջինս մարզպետի՝ մայիսի 15-ի որոշմամբ ազատվել է շխատանքից: Ազատման պատճառը Ն. Մուրադյանի պաշտոնավարման 5 տարին լրանալն է: Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ այժմ թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Սոնիկ Դավթյանն է:

Այս նշանակումը խիստ մտահոգել է ե՛ւ դպրոցի ուսուցչական կազմին, ե՛ւ սաների ծնողներին, ինչի առիթով նրանք նույնիսկ հանդիպել են մարզպետի հետ եւ պահանջել հետ վերադարձնել իրենց տնօրենին` Նարինե Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպմանը մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, թե գոհ է Ն. Մուրադյանի աշխատանքից եւ վստահ է, որ նա կհաղթի առաջիկայում կայանալիք մրցույթում եւ կշարունակի պաշտոնավարումը: Սակայն ուսուցչական կազմն ու սաների ծնողները մտավախություն ունեն, որ Ն. Մուրադյանին տնօրենի պաշտոնակատար չնշանակելը ունի քաղաքական ենթատեքստ, եւ չի բացառվում, որ մրցույթի արդյունքում նա չվերընտրվի: Ի դեպ, նրանք այս առիթով երեկ պետք է բողոքի ակցիա անցկացնեին, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ակցիան տեղի չի ունեցել, քանի որ դպրոցի նախկին սաներից մեկը մահացել է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս