ՓԱԿՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՄԻ ՔԻՉ ԼԱՎ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը: Ճիշտ է՝ տեւական ժամանակ է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին խոսակցություններ էին շրջանառվում, բայց դեռեւս ամիսներ առաջ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր, որ Երեւանում գտնվող գրասենյակը լուրջ առաքելություն ունի, եւ այն փակելու մտադրություն չունեն: Ի՞նչ փոխվեց ամիսների ընթացքում, եւ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեւանյան գրասենյակի փակումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-Մեծ բան տեղի չի ունեցել, պարզ էր, որ, ի վերջո, էդպես է լինելու, սա նորություն չէր, քանի տարի է, այս խոսակցությունը գնում է, ի՞նչ էինք սպասում: Կարգ կա, վետոյի իրավունք ունի երկիրը (հեղ.-խոսքը Ադրբեջանի մասին է), հիմա եթե դեմ է, ինչ կարող ես անել, հո զոռով չես պահելու: Այսինքն՝ կա խումբ երկրների, որոնցում որոշումը կայացվում է կոնսենսուսով, եթե կա երկիր, որի հետ դու պատերազմական վիճակում ես, եւ նա կոնսենսուսին չի միանում, ի՞նչ պետք է անես:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ գրասենյակի փակումը որեւէ էական ազդեցություն չի՞ ունենալուՀայաստանի համար:
-Ազդեցություն կարող է ունենալ այն առումով, որ ծրագրերն իրականացնելն ավելի դժվարանում է, բայց տարիներ շարունակ ի՞նչ էր անում այդ գրասենյակը, այդպես արտառոց գործ չէր անում, ականազերծման խնդիրները միշտ էլ կարելի է տարբեր միջազգային կառույցների միջոցով շարունակել, տարբեր գրասենյակներ կան, որոնք մարդու իրավունքների հարցերով զբաղվում են: Քաղաքական առումով մի քիչ լավ չէր, որ այդպես եղավ, բայց սպասելի էր, այն պահից հետո, երբ Ադրբեջանը փակեց իր մոտ գրասենյակը եւ սկսեց պնդել, որ տարածաշրջանում չպետք է գրասենյակ լինի, սպասելի էր այս ամենը:
-Դեռեւս որոշ ժամանակ առաջ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր, որ գրասենյակը կարեւոր առաքելություն ունի, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություն չունեն: Ի՞նչ փոխվեց այս մի քանի ամիսների ընթացքում, որ այսպիսի եզրահանգման եկան:
-Այո՛, դրա հետ մեկտեղ գոյություն ունի լռելյայն այն պայմանավորվածությունը, որ եթե որեւէ անդամ երկիր դեմ է, ապա մանդատը չի կարող իրականացվել, այն ժամանակ հայտարարելիս նոր էր օֆիսը ստանձնել եւ հույս ուներ, որ կկարողանար բանակցությունների եւ կոնստրուկտիվ երկխոսությունների միջոցով համոզել Ադրբեջանին, որ դա իրենց շահերից էլ չի բխում, եւ ապագայում պետք է Ադրբեջանում էլ շարունակեն:
-Ինչո՞ւ էր երեւանյան գրասենյակի փակման գործում շահագրգռված Ադրբեջանը:
-Ադրբեջանը շահագրգռված է ցանկացած բանում, որ իր կարծիքով՝ Հայաստանին վնաս է բերում, այսինքն՝ եթե Ադրբեջանում գտնեն, որ իրենց հրապարակում մեկին կախեն, Հայաստանի համար վատ կլինի, կանեն, պարզ չէ՞, որ Ադրբեջանը մեզ համարում է թշնամական պետություն եւ չի խորշում որեւէ գործողություն անելուց, այդ թվում նաեւ սենց բաներ: Ինչ-որ ադեկվատ մոտեցումներ, կարծում եմ, դեռեւս սպասել Ադրբեջանից, շուտ է:
-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս գրասենյակի փակումը կարող է որեւէ կերպ ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
-Ինչո՞վ կարող է ազդել, կա Մինսկի ֆորմատ, կան բանակցային գործընթացներ, կարո՞ղ է Չիլիում տեղի ունեցած որեւէ երկրաշարժ ազդել հակամարտության վրա, ինչ-որ բանով կարող է ազդել հավանաբար, չգիտեմ: Մենք ունենք հարաբերություններ ԵԱՀԿ-ի հետ տարբեր ֆորմատներով, դա կարվի այդ գրասենյակի միջոցով, թե մեր ներկայացուցչության միջոցով ԵԱՀԿ-ում, կտեսնենք, այսինքն՝ մեր դիվանագետները կարող են տարբեր այլ ճանապարհներ գտնել, այն հարցերը, որ արվում էին գրասենյակի միջոցով, անել ուղղակիորեն:
-Ի վերջո, կարելի՞ է ենթադրել, որ Դուք կարծում եք՝ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել:
-Այո՛, ես չեմ կարծում, որ ողբերգություն է տեղի ունեցել, մի գրասենյակ ավել, մի գրասենյակ պակաս:
-Ձեր տեսակետը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին հասկանալի է: Պարո՛ն Արզումանյան, խոսենք ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում վերջերս տեղի ունեցած կարեւոր հանդիպման մասին: Ռուսաստանում հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները: Կարո՞ղ ենք լուրջ ակնկալիքներ ունենալ այդ հանդիպումից:
-Դիվանագիտությունն այնպիսի բան չէ, որ հանդիպումից անմիջապես հետո ինչ-որ բան տեսնել, ժամանակի ընթացքում պարզ կլինի այս հանդիպման արդյունավետությունը:
-Ի՞նչ եք կարծում, տեսանելի ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա՞:
-Մշտապես նախագահների հանդիպումները նպաստում են խաղաղ ֆոնին եւ բանակցությունների վերսկսմանը, եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝ կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաեւ նախարարների հանդիպումը:
-Եւ վերջում, ուզում եմ անդրադառնանք նաեւ 6-րդ գումարման ԱԺ-ի կազմին: Նոր խորհրդարանի պատկերը կամաց-կամաց ուրվագծվում է: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը նոր խորհրդարանի կազմի մասին:
-Չեմ կարող ասել, կապրենք, կտեսնենք, դեռեւս շուտ է: Նոր ասելով՝ ի՞նչ եք հասկանում. «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե՞ այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով՝ ընտրվել են, նորը ո՞րն է, կապրենք, կտեսնենք:

 

 

 
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ

«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպության անդամ Ալեք Ենիգոմշյանը դեռեւս «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարի օրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք համակրում են Փոստանջյանին, եւ չէր բացառել վերջինիս հետ համագործակցությունը: Սակայն հիմա, երբ Փոստանջյանը իր կուսակցությունով մասնակցում է Երեւանի ավագնու ընտրություններին, Ենիգոմշյանը հայտարարում է, որ իրենք ընտրությունների ժամանակ չեն սատարելու Փոստանջյանին: Ո՞րն է այդպիսի որոշման դրդապատճառը, ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրին այն դեպքում, երբ յուրաքանչյուր պայքարի ժամանակ Փոստանջյանը ակտիվորեն սատարում էր նրանց:

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Ալեք Ենիգոմշյանի հետ։
-Պարո՛ն Ենիգոմշյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարել էիք, որ աջակցելու եք Զարուհի Փոստանջյանին, իսկ հիմա կարծես թե որոշել եք ավագանու ընտրությունների ժամանակ չսատարել նրան: Ի՞նչ փոխվեց այս մի քանի ամսվա ընթացքում:
-Ոչ մի բան չի փոխվել, ընտրություննների կապակցությամբ մեր կեցվածքը նոր չէ, տարիներ ի վեր մենք ասել ենք, որ այս վարչախմբի օրոք ընտրություններին հավատ չենք ընծայում եւ յուրաքանչյուր ընտրություն գալիս է ապացուցելու, որ, ցավոք, մենք ճիշտ էինք: Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անցյալի մեր համագործակցությունը արժեւորում ենք այնքանով, ինչքանով արժեւորել ենք, ոչ մի բան չի փոխվել:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Զարուհի Փոստանջյանի շանսերը:
-Օրվա իշխանությունը միշտ էլ իր վերարտադրությունը ցանկացած ընտրությունով նախօրոք ապահովում է: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ վաղուց ցուցակներն արդեն կազմված են, որ բոլորը աշխատեն ի օգուտ Տարոն Մարգարյանի եւ իր ցուցակի, նման պայմաններում է, որ մենք գտնում ենք, որ իմաստազուրկ է, հետեւաբար Զարուհի Փոստանջյանը, այո՛, ելնելով այսօրվա օրենքի այն տրամաբանությունից, որ երեք քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի ավագանիում, բնականաբար, Զարուհի Փոստանջյանն էլ կլինի այնտեղ, բայց դա չի նշանակում, որ իր կուսակցությունը ավագանու հիմնական ուժը դառնալու շանս ունի:
-Բայց Փոստանջյանը վստահորեն հայտարարում է, որ գրավելու է Երեւանի քաղաքապետարանը եւ ոչ մի եթե-ի մասին անգամ լսել չի ուզում:
-Գիտեք, ցանկացած ընտրությունների մասնակցող ուժ, դա պետք է ասի, որովհետեւ եթե ինքը մասնակցելուց ընդունի, որ ինքը պարտվելու է, ի վնաս իրեն կլինի դա: Ես ասում եմ, որ ոչ թե ժողովուրդը չի ուզենալու, որ Զարուհի Փոստանջյանը կամ իր ցուցակը մեծամասնություն ունենա, այլ խաղի օրենքներն այնպիսին են, որ ՀՀԿ-ն բոլոր լծակներն ունի իր ձեռքում, եւ այդ կերպ է լինելու:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է Հրաչ Ստեփանյանից բռնագանձել 1 միլիոն 271 հազար 150 դրամ: Չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան այն պատճառով, որ Հրաչ Ստեփանյանը չի կարողացել վճարել գույքահարկը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ քաղաքապետները դատարանի միջոցով են փորձում քաղաքացիներից հետ ստանալ գումարները: Ապրիլի 22-ին գրել էինք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւս դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձեն 1 միլիոն դրամ: Պարզվել էր, որ Արտաշատի քաղաքացին չի կարողացել վճարել գույքահարկի գումարը:

 

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՐՑԸ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը, գործող կառավարությունը հրաժարական է տալու, որից հետո 10 օրվա ընթացքում նշանակվում է վարչապետ, իսկ, ահա, 20 օրվա ընթացքում՝ ձեւավորվում նոր կառավարություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջիկայում ձեւավորվող գործադիր մարմնում չի լինելու Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք մարզպետին: «Նախ՝ պատշաճ չի, տոնական օրը զանգահարում եք, երկրորդը՝ այսօր այդ օրը չէ, որ նման հարցադրում եք տալիս, եղա՛վ»,- զայրացած ասաց Գաբրիել Գյոզալյանը` անջատելով հեռախոսը։ Նկատենք, որ նա ըստ էության ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունները: Նշենք նաեւ, որ ըստ մեզ հասած լուրերի՝ Արագածոտնի մարզը կմնա ՀՅԴ-ի տիրապետության տակ, իսկ թե ում կնախընտրի Դաշնակցությունը, պարզ կլինի առաջիկայում:

 

 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՒՄ
«Ծառուկյան» դաշինքում վերջերս տեղի ունեցած խմորումների պատճառը, ինչպես պարզվեց, նախընտրական պայմանավորվածությունների խախտումն էր։ Դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածուները մինչ ընտրությունները խոստացել էին հստակ ձայներ ապահովել քաղաքական ուժի համար, սակայն հուսախաբ են արել։ Ի վերջո, զրկվելով մանդատ ստանալու հնարավորությունից՝ փորձեցին ընդվզել՝ հայտարարելով, որ իրենց մանդատից ոչ ոք զրկել չի կարող, սակայն հիմա արդեն գրեթե բոլորը հայտարարում են, որ պատրաստ են իրենց մանդատը վայր դնել Ծառուկյանի կամքով։ Այստեղ են ասել. «մկան խաղը մինչեւ մարագի դուռն էր», այսինքն՝ Ծառուկյանին դեմ առ դեմ հանդիպելն ու իրականության հետ առերեսվելը։




Լրահոս