ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ «ՊԱՏԱՀԱԿԱՆ» ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում ավարտվեց նախագահական ընտրությունը, որտեղ հաղթող ճանաչվեց էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Նրա հաղթանակը փոխեց ոչ միայն քաղաքականության ընկալումը Ֆրանսիայում, այլեւ ողջ Եվրոպայում՝ ապացուցելով, որ ծայրահեղական ամբոխահաճությունը առժամանակ կանգնեցված է: Լը Պենն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել նոր նախագահին ուժեղ ընդդիմություն դառնալու իր տրամադրվածության մասին:

Նախ եւ առաջ նկատելի է, որ Մակրոնի հաղթանակով վերականգնվեց հասարակական ու ակադեմիական շրջանակների վստահությունը սոցիոլոգիական հարցումների նկատմամբ: Ինչպես եւ կանխատեսվում էր նախընտրական շրջանում՝ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր ստացվեց, քանզի քվեարկությանը չմասնակցեց 12 միլիոն մարդ, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելին էին 4 միլիոնից: Նման ցուցանիշով այս ընտրությունը ռեկորդային էր վերջին 40 տարիների ֆրանսիական քաղաքականության համար: Եվ այդ պայմաններում էլ Մակրոնը հաղթեց 66 տոկոսով՝ մրցակցին թողնելով 34-ի սահմանագծին: Արեւմտյան մամուլը արդեն իսկ լցված է նոր նախագահի մասին բազմաթիվ պատմություններով՝ նրա անցած ճանապարհը մեկնաբանելով եւ ապագա քաղաքականության շուրջ հիմնավոր եւ անհիմն վերլուծություններով:
Արձանագրենք, որ Մակրոնի հաջողությունն ինքնին պարտությունն էր դասական քաղաքական կուսակցությունների, որոնք չկարողացան հասարակությանը փոխանցել իրենց մեսիջն ու համոզել իրենց ճշմարտացիության մեջ: Ֆրանսիացի ընտրողը նախընտրեց երկու թեկնածուների, որոնք չէին ներկայացնում վերջին 50 տարիներին ֆրանսիական քաղաքականությանն ընթացք տվող հիմնական կուսակցությունները: Ի դեպ, Մարին լը Պենը բազմիցս փորձում էր Մակրոնին առնչակցել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը եւ անձամբ նախագահ Օլանդին՝ փորձելով հասարակությանը համոզել, որ Մակրոնն ամենեւին էլ աութսայդեր չէ, այլ կառավարող էլիտայի անքակտելի մասը:
Անշուշտ, Լը Պենը ճիշտ էր, սակայն Մակրոնի թիմի կիրառած տեխնոլոգիաները հասարակական դիսկուրսը հաջողությամբ շեղեցին այդ խնդրից: Ի դեպ, դրան նպաստեց նաեւ Լը Պենի ընտրարշավի հռետորաբանությունն ու մասնավորապես նրա հոռետեսականությունը: Շարունակ բացասականի վրա կատարված շեշտադրումները վանեցին ֆրանսիացիներին՝ հակելով դեպի դրական տրամադրություններ ստեղծող Մակրոնի կողմը: Վերջինս մեկ այլ քաղաքական իրավիճակում կա՛մ պարզապես շանս չէր ունենա նախագահական մրցավազքում, կա՛մ էլ հանդես կգար Սոցիալիստական կուսակցության թեկնածուի կարգավիճակում՝ հաշվի առնելով փաստը, որ նա եղել է նախագահ Օլանդի՝ տնտեսական գծով խորհրդականը եւ ապա այդ ոլորտը համակարգող նախարարը: Սակայն Մակրոնը որսաց պահը՝ գիտակցելով, որ կուսակցությունների հեղինակազրկվածության ախտը հասել է նաեւ Ֆրանսիա եւ կարող է հսկայական ազդեցություն ունենալ նախագահական ընտրապայքարի վրա: Ի պատիվ Մակրոնի, իհարկե, նա չի փորձել սեւացնել ո՛չ Օլանդին, ո՛չ էլ նախկին կառավարություններին՝ շեշտելով փոփոխությունների հրատապությունը եւ ոչ այնքան նախկինում թույլ տված բացթողումները: Մինչդեռ Լը Պենի քաղաքական առաջարկները հիմնված էին բացառապես անցյալը քննելու վրա: Ուստի արձանագրելի է, որ Լը Պենը ճշմարիտ էր պատմական, Մակրոնը՝ քաղաքական գիտության դիրքերից:
Մակրոնի հաղթանակը զգալիորեն պայմանավորված էր իր մրցակցի անհատականությամբ, որը շատերի աչքում կրկնում էր ԱՄՆ նախագահ Թրամփին: Հաշվի առնելով համաշխարհային դժկամությունը վերջինիս նկատմամբ եւ նրա իշխանավարության 100 օրերի «արդյունքը»՝ Լը Պենը շանս չուներ: 2016թ. ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ամբողջ հույսն այն էր, որ հանրապետականներից հենց Թրամփը լիներ իր մրցակիցը: Թեեւ դա փայլուն կերպով աշխատող տարբերակ կարող էր լինել, սակայն դեմոկրատները լրջագույն թերություն ունեին. նրանց թեկնածուն հենց Քլինթոնն էր: Ֆրանսիայում էլ Մակրոնը գուցե թե լուսանցքում հայտնվեր, եթե չպայթեր Ֆիյոնի շուրջ ծավալված ճգնաժամը, եւ վերջինս թավալգլոր կերպով չընկներ առաջատարի բարձունքից: Ֆրանսիայի հանրապետականների ներկուսակցական պայքարում հաղթելով բոլորին՝ Ֆիյոնը շատ լուրջ հայտ էր ներկայացրել՝ նույն արդյունքները նախագահի ընտրության ժամանակ կրկնելու համար: Եվ մի պահ իրական էր թվում հենց նրա նախագահությունը, մինչեւ որ մամուլը չսկսեց քանդել կծիկն ու բացահայտել Ֆիյոնի կողմից պետական միջոցները անձնական շահերին ծառայեցնելու դրվագները:
Որքան էլ զարմանալի թվա հայ իրականության համար, արեւմուտքում նույնիսկ օրինական, սակայն հասարակության մեծամասնության աչքում բարոյապես կաղացող իրադարձությունները ճակատագրական նշանակություն ունեն քաղաքական գործիչների կարիերայի համար: Երբ պարզվեց, որ Ֆիյոնը իր կնոջն ու երեխաներին գրանցել էր իբրեւ իր օգնականներ եւ փաստացիորեն ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ տրամադրել, այդ պահից ի վեր կանխորոշվեց նրա ձախողումը: Հայաստանյան քաղաքականությունում ճիշտ հակառակն է, որտեղ ոչ միայն բարոյական նկարագիրը կարեւոր չէ, այլեւ գործում է «որքան անբարոյական, այնքան հաղթական» բանաձեւը: Ինչեւէ, հարկ է արձանագրել, որ Ֆիյոնի տապալումը կանաչ լույս վառեց Մակրոնի հաղթանակի համար: Ֆրանսիական քաղաքականությունը նման իրավիճակի ականատես քանիցս եղել է, որոնցից հիշարժան է արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոսս-Կաննի հետ պատահած միջադեպը: Վերջինս համարվում էր Սարկոզիի՝ երկրորդ ժամկետի համար պայքարում ամենալուրջ մրցակիցը: Երբ նա հայտարարեց ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, անմիջապես մամուլում հայտնվեց նրա անվան հետ անմիջականորեն կապված սկանդալը՝ Ստրոսս-Կաննին մեղադրելով բռնաբարության փորձի մեջ: Նրա քաղաքական կարիերան խորտակվեց, ինչից, սակայն, Սարկոզին էլ չշահեց՝ պարտվելով Օլանդին: Այս անգամ արդեն նույն ճակատագիրն էր սպասվում Սարկոզիին ներկուսակցական ընտրություններում հաղթած Ֆիյոնին, որը վճռական պահին գոտկատեղից ներքեւ ստացված մի հարվածով զրկվեց նախագահական երազանքներից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆՆ ԱՂՏՈՏՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է երեք տարով հետաձգել «Սեւան Ակվա» ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Իսկ ի՞նչ գործունեություն է ծավալում այս ընկերությունը:

Նշենք, որ այն հիմնադրվել է 2015թ. վերջին. 100 տոկոս բաժնետերը Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն է: Ընդհանուր համալիր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների չափը կազմում է մոտ 50 միլիարդ դրամ, որից մոտ 21 միլիարդ դրամը կտրամադրվի «Սեւանի իշխան» ՓԲԸ-ին մանրաձկան տնտեսության ու վերամշակման գործարանի կառուցման, իսկ 29 միլիարդ դրամը «Սեւան Ակվա» ՓԲԸ-ին` լճում տնտեսությունների տեղակայման եւ մեկնարկային ընթացիկ ծախսերը ծածկելու համար: 2013-2015թթ. ընթացքում պետական բյուջեից ծրագրի իրականացման համար արդեն հատկացվել է 4 մլրդ դրամ:
Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագով նախատեսվում է Սեւանա լճի 30 հա տարածքում մինչեւ 2024 թվականը տեղադրել 50 ցանցավանդակ՝ յուրաքանչյուրը 1000 տոննա արտադրողականությամբ եւ աճեցնել 50.000 տոննա Գեղարքունի եւ ամառային իշխան՝ յուրաքանչյուր տարի իշխանի պաշարների վերականգնման նպատակներով Սեւանա լիճ բաց թողնելով տնտեսություններ լցվող մանրաձկան քանակի շուրջ 25%-ը: Այս ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին եւ Շորժայի մոտ Սեւանա լճում տեղադրվել է ձկնաբուծական 4 ցանցավանդակ:
Այս պիլոտային ծրագրով պետք է գնահատվեին ծրագրի ռիսկերը եւ մոնիթորինգ արվեր՝ պարզելու ազդեցությունը Սեւանա լճի վրա, իսկ արդյունքները պետք է ներկայացնեին լայն հասարակությանը: Բայց ըստ բնապահպանների` դեռ անցած տարվա դրությամբ այդ արդյունքները հանրությանը չեն ներկայացվել: Սակայն հիմնական խնդիրներից մեկը, որն անհանգստացնում է բնապահպաններին, ձկան արհեստական կերն է, որն իր մեջ պարունակում է ֆոսֆոր եւ ազոտ, որոնք նպաստում են լճի ճահճացմանը եւ աղտոտմանը: Ինչը, սակայն, կառավարությանը կարծես թե չի անհանգստացնում: Ավելին՝ նրանք շարունակում են ընկերությանը նույնիսկ արտոնություններ տալ: Սեւանի մաքրությունը կարծես թե որեւէ մեկին չի հետաքրքրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՐԱԿՏՈՐԸ ԴԵՌ ԿԱՆԳՆԱԾ Է
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ ոստիկանության նախկին շենքի բակում, հայտնվեց 2 տրակտոր: Հետո այդտեղ մնաց մեկ տրակտոր: Այդ փոքր տրակտորները պատկանում են Գագիկ Ծառուկյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուշ Նասիբյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տրվել առաջին տրակտորը, ո՞ւմ է հատկացվելու երկրորդը: Մանուշ Նասիբյանն ասաց, թե չգիտի, հարկ է դիմել խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Վարուժան Բաբաջանյանին:
Նկատենք, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում նա ստացել էր 5014 ձայն: Ու թեեւ արդյունքը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածուների մեջ առաջինն էր, սակայն բավարար չէր Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ ապրիլ ամսին, տրակտորների հարցով դիմեցինք Վարուժան Բաբաջանյանին: Նա ասաց, որ տրակտորները նախկինում չեն ցանկացել ներկայացնել, որպեսզի դրանք չգովազդեն: Նոյեմբերյանում խոսակցություններ կան, որ ի սկզբանե դրանք նախատեսված էին Դեբեդավան եւ Լճկաձոր գյուղերի համար: Սակայն Դեբեդավանի համար նախատեսված տրակտորը տրվել է Բագրատաշենին՝ Վարուժան Բաբաջանյանի հորեղբոր որդուն: Վարուժան Բաբաջանյանն ասաց, որ Դեբեդավանի մի բնակիչ ցանկանում էր այդ տրակտորը որպես անձնական նվեր ստանալ, տրակտորը ստացած բագրատաշենցին իր հորեղբոր որդին չէ, այլ տրակտորիստ մարդ է: Վարուժան Բաբաջանյանը հայտնեց, որ տրակտորներն անձնական սեփականություն չեն լինելու, գյուղացիները սոլյարկա եւ գյուղատնտեսական աշխատանքների վճար մուծելով՝ կարող են օգտվել տրակտորների ծառայություններից: Նա այդ ժամանակ ասաց, որ գյուղերի կարիքներն ուսումնասիրելուց հետո 2-րդ տրակտորն էլ կբաշխվի: Վարուժանը հայտնեց, որ այն, հավանաբար, կտրվի Լճկաձոր գյուղին:
Մեր այդ զրույցից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն նշված տրակտորն այդպես էլ կանգնած է նույն տեղում՝ ոստիկանության նախկին շենքի բակում:
Հավելենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Ավագի ձոր տարածքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, կայանած էին Գագիկ Ծառուկյանի ուղարկած մեկ տասնյակից ավելի տրակտորներ: Թե դրանք հետագայում ո՞ւր տարվեցին, հայտնի չէ: Սակայն այդ տրակտորները չտրվեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս