Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեժիբոյին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Բելգիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած ավելի քան երկու տասնամյակում երկկողմ միջպետական հարաբերությունները շարունակական զարգացում են ունեցել, սակայն, ըստ Նախագահի, ակնկալիքները շատ ավելին են այդ հարաբերություններն առավել խորացնելու և նոր բովանդակությամբ երկկողմ օրակարգը հարստացնելու առումով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական կապերի սերտացմանն ու բազմաբնույթ համագործակցության զարգացմանը:
Դեսպան Ռեժիբոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ, իրոք, անցած 25 տարիներին երկու երկրներն ունեցել են բարեկամական հարաբերություններ, և իր խնդիրն է դրանք պահպանել ու զարգացնել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-բելգիական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: