Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 24-ին Արծվաշեն-ում, մահացել է 2013-ի մարտի 14-ին, Երևանում:

Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Զվարճալի հարցազրույցներ» (1985), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986), «Խորհրդավոր խորհրդարան» (1992) և այլն։

Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։

Ընտրվել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Եկեք մտածենք ապրելու մասին:




Լրահոս