Այսուհետ Ազգային ժողովը կունենա լայն լիազորություններով օժտված Խորհուրդ: Այն իր նիստերը գումարելու է հերթական նիստերին նախորդող երկուշաբթի օրը, որի ընթացքում հաստատելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը և այլ հարցեր:
Նշենք, որ խորհուրդը նախագահելու է խորհրդարանի ղեկավարը, իսկ անդամներ են հանդիսանալու ԱԺ փոխնախագահները, մշտական հանձնաժողսովների նախագահները և յուրաքանչյուր խմբակցությունից մեկ ներկայացուցիչ: Նախատեսվում է, որ այս մարմինը պետք է մեծացնի Ազգային ժողովի արդյունավետությունը: Հետաքրքիրն այն է սակայն, որ այս խորհուրդում իշխող ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն է լինելու, հետևաբար ամենևին դժվար չի լինելու որևէ նախագիծ անցկացնելը:
Բանն այն է, որ խորհուրդում որոշումները կայացվելու են քվեարկությունների միջոցով, հետևաբար մեծամասնություն լինելու դեպքում ՀՀԿ-ին ոչինչ չի խանգարում իր ցանկացած որոշումներն ընդունելու համար: Նշենք, որ խորհուրդը բաղկացած է լինելու 17 անձից և նրանցից միայն վեցն է լինելու ընդդիմության ներկայացուցիչ:
«Ելք» դաշինքն այստեղ մի ներկայացուցիչ է ունենալու, մյուս 5 անձինք լինելու են «Ծառուկյան» դաշինքից՝ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, 3 հանձնաժողովների նախագահները և ևս մեկ ներկայացուցիչ խմբակցությունից:
Մյուս 10 անձինք կլինեն ՀՀԿ-ականներ՝ խորհրդարանի ղեկավարը, երկու փոխնախագահները, վեց հանձնաժողովների նախագահները, մեկ ներկայացուցիչ ՀՀԿ-ից: Մեկ ներկայացուցիչ էլ խորհրդում կունենա իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն: