«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան Արման Մանգասարյանը սրտի բնածին արատ ուներ: Երեխային «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել մարտի 8-ին Գյումրու բժշկական կենտրոնից: Երեխայի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, բրոնխիտ:
Հոսպիտալացման ընթացքում երեխայի մոտ ախտորոշվել է աորտալ ստենոզ միջին աստիճանի, կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, ապա երեխան մարտի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Ծնողներին խորհուրդ է տրվել դիմել ՆորքՄարաշ բժշակական կենտրոն սրտաբանի խորհրդատվության, սակայն ծնողները չեն դիմել:
Երեխայի առողջական վիճակը կրկին վատթարացել է, եւ երեխային նորից տարել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մայիսի 11-ին կրկին ուղեգրվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն` ծայրահեղ ծանր վիճակով: Նույն օրը հիվանդի մոտ դիտվել է հանկարծակի սրտի կանգ, որին հաջորդել է շնչական կանգը: Մոտ 50 րոպե տեւած վերակենդանացման միջոցառումները անարդյունավետ էին, սրտի գործունեության վերականգնում չի դիտվել: Գրանցվել է կենսաբանական մահ: Դիակն ուղարկվել է պաթանատոմիական քննություն: Դրվել է վերջնական ախտորոշում` սուր սիրտանոթային անբավարարություն, սրտի բնածին արատ`աորտալ ստենոզ, երկկողմանի թոքաբորբ: Ուղեկցվող հիվանդություն`անբավարար փարթամություն, անեմիա:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: