ԱՆԿԱԽ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ. երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոդլանդը` հավելելով, որ իրենք Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում: Միաժամանակ նա պնդել է, թե Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծմանը, ըստ Հոգլանդի՝ իրենք նպատակ ունեն ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: «Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ»,- ասել է նա:
Այստեղ հատկանշական է մեկ փաստ. նախկինում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր մի քանի անգամ շեշտել, որ Արցախյան հիմնախնդրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջեւ միակարծիք են, հիմա նույնը կրկնում է նաեւ ամերիկացի դիվանագետը: Ընդ որում, կարծես թե սա առաջին անգամն է, երբ ամերիկացի դիվանագետը բացահայտ հայտարարում է անկախ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների միջեւ տարաձայնություններից, ԼՂ խնդրում համակարծիք լինելու մասին: Ու տեսակետ կա, որ մինչեւ հիմա հիմնախնդիրը չի կարգավորվել հենց համանախագահ երկրների միջեւ տարաձայնությունների պատճառով: Ու քանի որ հիմա նրանք այլեւս համակարծիք են, պետք է ենթադրել` Արցախյան հիմնահարցի լուծումը կարելի է շատ մոտ համարել, առավել եւս, երբ Հայաստանում նախագահի պաշտոնի լիազորությունների ավարտին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ:

 

 
Բենզինի ներկրման ոլորտում հետաքրքիր վերադասավորումներ են սկսվել: Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, նրա ընտանիքի քավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որ տեւական ժամանակ պետական գնումների մրցույթների հիմնական հաղթողն էր, զիջել է իր դիրքերը. վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆլեշ»-ին փոխարինել է «Մաքսհուր» ընկերությունը, որը կապում են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ: Պատահական չէ, որ ՊԵԿ հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Ֆլեշ» ընկերությունն էականորեն նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը ներմուծման ծավալների կրճատման պատճառով: Նա հիմա 17-րդ հորիզոնականում է` վճարած 1 մլրդ 50,4 մլն դրամ հարկով, իսկ ահա «Մաքսհուր» ընկերությունը, ընդհակառակը, ավելացրել է հարկերը, թեեւ զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը. նա վճարել է 185 մլն 274,6 հազար դրամ:

 

 

 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում եւ այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ասատրյանը լուրջ մտավախություն ունի, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն չեն վերանշանակի: Ու հիմա նա փնտրում է նոր մարդկանց, որոնք կկարողանան Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել իր համար ու համոզել, որ Ասատրյանին կրկին նախարար նշանակեն: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աչք փակեն մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա եւ կրկին նախարար նշանակեն Ասատրյանին, կստացվի, որ նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլեւ խթանում են նոր ապօրինությունները:

 

 

 

Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղված է անձնական PR-ով՝ փորձելով առաջ տանել «Ազգ-բանակ» ծրագիրը, զինված ուժերում ամենաթողության հետեւանքով շարունակվում են դժբախտ պատահարները: Ինչպես հայտնի է` օրերս ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ, որոնք, հետագայում պարզվել է, զինվորական «ՈՒԱԶ» մեքենայով առանց թույլտվության հեռացել են զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկել գետը: Իսկ քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի հատկանիշներով` համապատասխան տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու համար: Մինչդեռ, նկատենք, զորամասում տիրող իրավիճակի համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ հրամանատարական կազմը: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ապա իրականում բանակ կառավարելը ոչ թե գեղեցիկ ելույթներն են, այլ տեղում իրավիճակին տիրապետելն ու բացասական երեւույթները կանխարգելելը:

 

 

 
ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Հայաստանի ժողովրդագրական վիճակն արդեն ոչ թե մտահոգիչ է, այլ պարզապես սպառնում է երկրի ազգային անվտանգությանը: Այդ մասին ահազանգում են անգամ մասնագետները: Մասնավորապես երեկ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ Հայաստանի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ են ներկայացվել, ըստ որոնց՝ վերջին 25 տարիներին ծնելիության ցուցանիշը նվազել է 2 անգամ, վերարտադրության բնական աճը՝ պակասել 5 անգամ: Երկրից հիմնականում արտագաղթում է միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ, աշխատունակ տարիքի բնակչությունը, արդյունքում աճել է 60 տարեկանից ավել բնակչության տեսակարար կշիռը, ինչն էլ անխուսափելիորեն բերելու է սոցիալ-տնտեսական խնդիրների: Ընդ որում, հիմնական արտագաղթը սահմանամերձ շրջաններից է, որտեղից մարդիկ պարզապես փախչում են: Դա երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ. ըստ ԱՎԾ տվյալների՝ Լոռու մարզի բնակչությունը մեկ տարվա ընթացքում պակասել է 3.9 հազարով, նույնքան պակասել է Շիրակի մարզի բնակչությունը, մոտ հազարով` Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի բնակչությունը, եւ այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես ՀՀ մշտական բնակչության թվաքանակը եթե 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 998.6 հազար հոգի, ապա այս տարի հասել է 2 մլն 986.1 հազարի:
Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար անգամ այս տվյալները մեջբերելու կարիք չկա. բավական է հետեւել դեպի Ռուսաստան իրականացվող ուղեւորափոխադրումներին. երկրից հեռանում են ընտանիքներով, հեռանում են դառնացած` չվերադառնալու հեռանկարով: Բավական է խոսել սպասարկման ոլորտի աշխատակիցների` խանութպանների, տաքսու վարորդների, վարսավիրների հետ, եւ նրանք լավագույնս կպատմեն, թե որքան է նվազել իրենց հաճախորդների քանակը:
Պատճառների մասին շատ է խոսվել` սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, արդարադատության բացակայություն, երկրի հեռանկարի հանդեպ վստահության իսպառ բացակայություն եւ, վերջապես, ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգ: Ու չնայած աղետալի ցուցանիշներին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը շտկելու ուղղությամբ, անգամ չեն խոսում այս մասին, կարծես նման խնդիր չկա: Փոխարենը իշխանությունը զբաղված է իր հետագա պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու «սրբազան» գործով` մսխելով վերջին ռեսուրսներն ու անխնա քամելով երկիրը: Մի բան էլ` իշխող ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դրել «Ազգ-բանակ» գաղափարը: Միայն թե հետաքրքիր է` ժողովրդագրական նման պայմաններում, երբ նվազում է բնակչության թիվը, ինչպե՞ս է ՀՀԿ-ն իրագործելու «Ազգ-բանակ» ծրագիրն առանց ազգի:




Լրահոս