Երեւանի ավագանու այս ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզարշավի առանցքային դրույթներից մեկն էլ վերաբերում է Երեւանի տրանսպորտի արդիականացման խնդրին: Ավելին՝ Մարգարյանը վերջերս բավական հեռուն էր գնացել ու հայտարարել, թե. «Էլ գծատեր հասկացողությունը չի լինի, կլինի մեկ օպերատոր», նաեւ խոստացել. «Բարեփոխումներ ոչ միայն ժամանակավոր խնդիր լուծելու, այլ ամբողջությամբ քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծել»:
Սկսենք նրանից, որ Տարոն Մարգարյանը նույն խոստումները նաեւ նախորդ ընտրություններից առաջ էր տվել, բայց այս հինգ տարում տրանսպորտի վիճակն այդպես էլ չի բարելավվել, եթե չասենք՝ ընդհակառակը, վատացել է. համոզվելու համար բավական է օգտվել հասարակական տրանսպորտից, վստահ ենք` անմոռանալի տպավորությունները կարելի է երաշխավորված համարել:
2013թ. նախընտրական ծրագրում նա խոստացել էր` Երեւանի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ստեղծում, միջին եւ մեծ ուղեւորատարողությամբ ավտոբուսների թվաքանակի էական ավելացում, միկրոավտոբուսների շահագործման նվազեցում, երթեւեկության անվտանգության բարձրացում, մետրոպոլիտենի արդիականացում եւ նոր շարժակազմի թարմացում, ավելացում եւ այլն: Նույն խոստումները նա տալիս է նաեւ հիմա` մշակել եւ կիրառել Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր եւ արդյունավետ երթուղային ցանց, միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ եւ միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ, ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման եւ զարգացման ծրագրերի շարունակականությունը եւ այսպես շարունակ: Ու, բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչն է խանգարել Տարոն Մարգարյանին պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում կատարել խոստումներն ու բարելավել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը:
Իհարկե, այնպես չէ, որ Տարոն Մարգարյանը ոչինչ չի արել տրանսպորտի ոլորտի համար: Մասնավորապես իր նախընտրական ծրագրում, խոսելով 2013-17թթ. գրանցած ձեռքբերումների մասին, նշել է. «Ավտոբուսների շահագործման արդյունավետության բարձրացման եւ մատչելի դարձնելու նպատակով դրանց դիզելային վառելիքով շարժիչները փոխարինվել են սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով»։ Բայց հիշեցնենք` նույն Մարգարյանը ժամանակին խոստանում էր նաեւ երթեւեկության անվտանգության բարձրացում: Թե որքանո՞վ է սեղմված բնական գազով աշխատող տրանսպորտային մեքենաների շահագործումն անվտանգ, կարող է ասել ցանկացած մասնագետ: Այնպես որ, ժողովրդական խոսքով ասած՝ «Աչքը շինելու փոխարեն հոնքն են հանել»:
Հիմա Տարոն Մարգարյանի` «էլ գծատերեր չեն լինելու» խոստման մասին: Ակնհայտ է, որ այս հայտարարություններն ընդամենը քարոզչական բնույթ են կրում` հասարակության աչքին թոզ փչելու համար, եւ այս իշխանության օրոք հազիվ թե դրանք իրականություն դառնան: Սա այն պարզ պատճառով, որ այդ գծատերերից մեկն էլ նույն Տարոն Մարգարյանն ու իր մերձավորներն են, եւ բացի այդ` գծատեր են իր կուսակցական ընկերներից շատերը: Այնպես որ, հազիվ թե Մարգարյանը պայքարի ինքն իր կամ կուսակից ընկերների դեմ: Խոսենք փաստերով. թիվ 5 եւ 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։ Թիվ 64 երթուղին սպասարկում է «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն, որն էլ պատկանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին: Ի դեպ, նրան է պատկանում նաեւ «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ն, որն էլ սպասարկում է 57 համարի ավտոբուսային երթուղին։ 27, 47 եւ 57 երթուղիների միկրոավտոբուսները սպասարկում է «Վի-Առ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանն է։ Գծատերերի թվում են նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաները, մասնավորապես տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում ընտանիքին պատկանում է թիվ 18 երթուղին սպասարկող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, նաեւ` հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրող ընկերությունը` «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, եւ այսպես շարունակ: Էլ չենք խոսում մյուս ընկերությունների մասին, որոնք փաստացի պատկանում են ՀՀԿ-ականներին, բայց գրանցված են նրանց ազգականների անուններով, որպեսզի չնույնականացվեն: Համաձայնեք, պատկերն իրոք խոսուն է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԾԵԾԻ ՎԵՐՋԸ
Ջրառատ համայնքում նախընտրակյան քարոզարշավի ընթացքում արձանագրված աղմկահարույց միջադեպը, ըստ էության, մոտենում է իր տրամաբանական ավարտին: Ինչպես հայտնի է՝ Ջրառատ համայնքում մարտի 12-ին եւ 14-ին ՕՐՕ դաշինքի համախոհների եւ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարի թիմակիցների միջեւ ծեծկռտուք էր եղել, հնչել էին կրակոցներ, գործի էին դրվել երկաթե մահակներ։ Ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխվել երեք երիտասարդներ, ինչպես նաեւ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Նշենք, որ միջադեպի կիզակետում էր հայտնվել նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, որը եւս իրավապահներին հայտնել է, որ որեւէ բողոք չունի: Չի բացառվում, որ Լեւոն Երանոսյանին քննչական մարմին հրավիրելով՝ ըստ էության, գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին, քանի որ մինչ այս գրել էինք, որ գործով բոլոր անձանց հարցաքննել են, եւ վերջիններս հայտնել են, որ որեւէ բողոք չունեն: Հենց այդ հիմքով էլ թերեւս կկարճվի քրգործը։
ԴԵՌ ԿԿՐՃԱՏՎԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կոպտիմալացվեն: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգուցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դիտարկմանը, թե ինչի հաշվին են պատրաստվում օպտիմալացման գնալ, վերջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայությունը աշխատի, դատապարտյալների եւ կալանավորների մասով փոփոխություններ լինեն, եւ նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն՝ դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»:
ԱՌԱՆՑ ՈՒՂԵՎՈՐԻ
ՀՀ-ում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 6.1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբիլայինը` 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՇԽԱՏԵԼ
Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է շարունակել աշխատել որպես նախարար. Aravot.am-ի փոխանցմամբ՝ հարցին, թե արդյո՞ք նա շարունակելու է աշխատել նույն պաշտոնում եւ արդյո՞ք տարաձայնություններ կան վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Մինասյանն ասել է. «Շարունակել աշխատել, նշանակում է՝ ա) ունենալ ցանկություն, բ) իրավասու անձինք՝ հանրապետության նախագահը, քաղաքական այն ուժը, որը ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով շարունակելու, աշխատելու իմ ցանկությունը կա: 2-րդը՝ կարծում եմ, մայիսի 18-ից հետո այդ հարցը պարզ կլինի՝ ինչպիսի կառավարություն կձեւավորվի»:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵԼ Է
Երեկվանից Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների նպատակով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պլանային աշխատանքներին զուգահեռ՝ կշարունակվեն նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։ Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։
ԱԼԻԵՎԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մահմեդական երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ Հայաստանի հետ համագործակցելուց: Ալիեւը նշել է, որ Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան մինչեւ հիմա չեն ճանաչել Հայաստանը, իսկ Թուրքիան որեւէ հարաբերություն չունի Հայաստանի հետ: Ալիեւը պնդում է, թե Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի կրոնական, մշակութային արժեքների, այլեւ ամբողջ մահմեդական աշխարհի պատմամշակութային ժառանգության դեմ:
«ՍԵՎ ՑՈՒՑԱԿ»-Ը ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սեւ ցուցակի» թարմացված տարբերակը, որը ներառված է Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ: Մայիսի 8-ին թարմացված 50 էջանոց ցուցակում ներառված է 668 անձի վերաբերյալ տեղեկություն: Հատկանշական է, որ 2017թ. ցուցակը համալրվել է 4 տասնյակ անուններով, որոնք վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդներն ու բլոգերների կոնֆերանսի մասնակիցներն են: Չնայած խայտառակ արտահանձնմանն ու ձերբակալությանը, ցուցակում դեռեւս 21-րդ հորիզոնականն է զբաղեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է
ԿԸՀ-ն այս պահին ուսումնասիրում է 15 հազար դրամի սոցիալական աջակցության տրամադրման մասին «Ելք» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, եւ եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: «Ելք» դաշինքի ընդդիմախոսները համարում են, որ նման խոստում տալը հավասարազոր է ընտրակաշառքին:
ՃՇՏՎԱԾ ՉԷ
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի վերաբերյալ դեռ պետք է պայմանավորվել ժամկետների մասին: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան ե՞րբ է նախատեսվում, նա պատասխանել է. «Դեռ ճշտված չէ: Երբ օրերը ճշտվեն, կասենք, որովհետեւ միայն մեզնից չէ կախված: Տարածաշրջանային այց պետք է լինի. պետք է թե՛ Հայաստան գան, թե՛ Ադրբեջան, թե՛ Արցախ: Դրա համար պետք է դեռ պայմանավորվել ժամկետների մասին»: