Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղված է սեփական PR-ով, բանակում ամենաթողության հետեւանքով շարունակվում են դժբախտ պատահարները: 3 զինվոր նախ անհետացան, որից հետո պարզվեց, որ նրանք խեղդվել են գետում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկության, որը հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեն, մայիսի 8-ի առավոտյան ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Ավելին՝ զորամասից բացակայել է նաեւ պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան: Ավելի ուշ պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթեւեկելիս:
Օրեր անց Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 50 մետր խորության վրա գտնվող գետում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռաֆայել Բիշարյանի եւ Ռուբեն Բարսեղյանի մարմինները, իսկ ահա երրորդ զինվորի՝ Ռուբեն Մնացականյանի գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Եվ ահա դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս կամ առաջացրել է այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Ու մինչ իրավապահները փորձում են հասկանալ, թե մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու որ կանոնների խախտման արդյունքում են զինվորները նման ճակատագրի արժանացել, այս պատմության մեջ մի շարք մութ կետեր կան, որոնք բացահայտման կարիք ունեն:
Նկատենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում, որ «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում, որից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս, եւ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Եվ ահա գործը քննող քննիչները ըստ էության մայիսի 7-ին զորամասում հերթապահություն իրականացնող գումարտակի պատասխանատուին, զորամասի հերթապահին, հսկիչ անձնագրային կետի հերթապահին, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հարցաքննել են՝ հասկանալու համար, թե արդյոք զինվորներին ղեկավար կազմը առաջադրանք է տրված եղել, որ նրանք այդ ուշ ժամին դուրս են եկել զորամասից, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ վերոնշյալ օրը զորամասի պատասխանատուները հայտնել են, որ զինվորներին որեւէ առաջադրանք տրված չի եղել, եւ նրանք չգիտեն, թե ինչու են տղաները դուրս եկել զորամասից եւ այն էլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ զինվորները միգուցե իրենց անձնական հարցերի համար զորամասից դուրս են եկել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով եւ այն էլ առանց զգուշացնելու: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք զորամասի որեւէ պատասխանատու չի նկատել, թե «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ուր են այդ ժամին ուղեւորվում զինվորները: Միգուցե համապատասխան պաշտոնատար անձինք տեսել են, սակայն աչք են փակել այս հանգամանքի վրա կամ, մեղմ ասած, անգործության են մատնված եղել, ինչն էլ երեք զինվորների համար դարձավ ճակատագրական:
Ինչեւէ: Փաստ է մեկ բան, որ զինվորները զորամասը լքել են առանց համապատասխան թույլտվության կամ հակառակը, սակայն ինչը կարող էր լինել պատճառ, որ նրանք նման բախտի արժանանային: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախնական տվյալներով՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան զինվորները վարել են բարձր արագությամբ, սակայն երբ ցանկացել են արգելակել, արդեն բավականին ուշ է եղել: Ի դեպ, զորամասից մեզ հասած լուրերի համաձայն՝ մահացած զինվորներից մեկը հրամանատարի անձնական վարորդն է եղել: Ավելին՝ քննիչներին զորամասի պատասխանատու անձինք վստահեցրել են, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նոր արտադրված մեքենա էր եւ գտնվել է միանգամայն սարքին վիճակում: Այսպիսով պարզ է դառնում, որ զորամասում ով ինչ ուզում, անում է, եւ համապատասխան պաշտոնատար անձանց անգործության արդյունքում մարդկային կյանքեր են գնում: Ուստի հաշվի առնելով կատարվածը՝ ամենյան հավանականությամբ, պատասխանատվության առաջ կկանգնեն մայիսի 7-ին զորամասի հերթապահը, գումարտակի պատասխանատուն, զորամասի պատասխանատուն, հսկիչ անձնագրային կետի հերթապահը եւ այսպես շարունակ: Նշենք որ ՊԲ N զորամասի հրամանատարն է Գեւորգ Մանգասարյանը, իսկ ահա վերոնշյալ տարածքի ռազմական ոստիկանապետը Արթուր Բալայանն է:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթներ է ունենում՝ խոսելով «Ազգ -բանակ» հայեցակարգի, «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին, մինչդեռ իրականում բանակ կառավարելը ոչ թե գեղեցիկ ելույթներն են, այլ տեղում իրավիճակին տիրապետելն ու կոնկրետ գործ անելը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԱՆՈԹՆԵՐԻ Է ՓՆՏՐՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը, գործող կառավարությունը հրաժարական է տալու, որից հետո 10 օրվա ընթացքում նշանակվում է վարչապետ, իսկ 20 օրվա ընթացքում՝ ձեւավորվում նոր կառավարություն: Մինչ այդ նոր գործադիր մարմնի անդամները ընկել են դռնեդուռ, որպեսզի իրենց ապահովագրեն: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մասնավորապես այս օրերին փնտրտուքների մեջ է ընկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին մտերիմ, ծանոթ բարեկամներին խնդրում է միջնորդել, որպեսզի բարեխոսեն՝ պահպանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ու եթե այդ միջնորդությունները տեղ հասնեն, ստացվում է, որ ամենակոռումպացված կառույցի կասկածելի գործունեություն ծավալող ղեկավարը կշարունակի տխրահռչակ ավանդույթները։ Իսկ որն է այս պնդման հիմքը. մասնավորապես 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը ձերբակալվել էին: Մասնավորապես բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:
Այսքանով ամեն ինչ չավարտվեց. 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ: Պարզվել էր, որ ՊՈԱԿ առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ էր վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալ: Փետրվարի 9-ին երրորդ բացահայտումը իրականացվեց. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում յուրացվել էր խոշոր չափերի գույքը:
Բայց սա եւս դեռ ամենը չէ. մարտի 3-ին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական բացահայտումը իրականացրեց. այս անգամ Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում յուրացրել էին 303 մահացածի համար նախատեսված թաղման 200 հազար դրամ նպաստը: Յուրացված գումարի չափը կազմել էր մոտ 60 միլիոն 600 հազար դրամ: Ու այսքան կոռուպցիոն բացահայտումներից հետո նախարարը, որը ոլորտի թիվ մեկ պատասխանատուն է, շարունակում է պաշտոնավարել։ Ի դեպ, սրանք դեռ բացահայտված չարաշահման դեպքերն են։ Իսկ ինչ երեւույթներ դեռ սքողված են, դա էլ, թերեւս, նախարարը կիմանա։ Ու եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր ձեւավորվելիք կառավարությունում կրկին Արտեմ Ասատրյանին վերանշնակի, ապա, ըստ էության, նա աչք է փակում կատարված յուրացումների վրա եւ խթան է ստեղծելու նոր կոռուպցիոն դրսեւորումներին: Կամ էլ նրան հենց այսպիսի «վերցնողներ» ու լավ փոխանցողներ են պետք՝ պատասխանատվությունից խուսափելու յուրօրինակ կարողությամբ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2017թ. մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով` Գագիկ Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, ասված է հաղորդագրությունում: Քննչական կոմիտեի` ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մայիսի 3-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղեւորի` Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Կ. Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է, եւ միջազգային հետախուզում է հայտարարվել 1978թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989թ. ծնված Արթուր Նազարյանի եւ 1989թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի մասով քրգործն ուղարկվել է դատարան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով պարզվել է, որ զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից, ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաեւ ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը: