ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ստեփանակերտում

Մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոսրահում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

 

 
ՀԱՐՑ. Ունեմ հաշմանդամ ծնող՝ հայրս, 1-ին կարգի հաշմանդամ է: Ես համարվում եմ նրա խնամակալը: Խնդրում եմ ասեք՝ խնամակալներին իրավունք ունե՞ն վարժանքների եւ զորավարժանքների տանելու:

Հարություն Գեւորգյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորահավաքային հրահանգի 6-րդ գլխի 90-րդ կետի` զորքերի համալրման համար չեն կցագրում այն զինապարտները, ովքեր`
-իրենց խնամքի տակ ունեն առողջական վիճակի պատճառով մշտական խնամքի (հսկողության) կարիք ունեցող կամ 1-ին խմբի հաշմանդամ հայր, մայր, հարազատ քույր կամ եղայր, տատ, պապ, որդեգրող կամ մինչեւ 16 տարեկան ընտանիքի անդամ, եթե չկան այլ անձինք, ովքեր օրենքի համաձայն պարտավոր են խնամել նրանց, նման կարգավիճակ ունեցող անձինք խաղաղ ժամանակ ենթակա չեն կանչվելու վարժանքների:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական  Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ մշտական աշխատանք չունեցող քաղաքացիները զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձեւով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով եւ կարգով: Ի դեպ, զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու մշտական աշխատանքի վայրում պահպանվում են քաղաքացու աշխատատեղը եւ միջին աշխատավարձը: Գործատուի կողմից սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

 

 
ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ ձեւով է կատարվում ավանդների հատուցումը: Այսինքն` ես կարո՞ղ եմ կանխիկ ստանալ իմ գումարը: Եվ խնդրում եմ ասեք նաեւ, թե ի՞նչ արժույթով են հատուցվում Խնայբանկում տարիներ առաջ պահված ավանդի գումարները:

Ստելլա Հայրապետյան (79 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով: Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

Հայաստանի հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր: Իսկ գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով:




Լրահոս