Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր շոուները. կառավարության երեկվա նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, վարչապետն ասել է, թե շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել, ու պահանջել, որ այսուհետ հանձնարարականներն արվեն օրենքի տառին համապատասխան: Սակայն Կարապետյանն այդպես էլ չի հստակեցրել, թե նախարաներից ո՞վ է այս ընթացքում արհամարհել իր հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կառավարության անդամներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել` ինչո՞ւ են իրենք թերանում հանձնարարականները կատարելիս, արդյո՞ք վարչապետի առաջադրած խնդիրներն են անլուծելի:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շատ նախարարներ պնդեցին, որ գոնե իրենք վարչապետի ասածները պարտաճանաչ կատարել են, ու նախատինքը իրենց չի եղել ուղղված: Իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` գոնե նրանից պարզելու, թե ում էին վերաբերում վարչապետի խոսքերը: «Ընդհանուր մոտեցում է… Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»,- պարզաբանեց Հարությունյանը:
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի երեկվա խոսքերն անհասցե հայտարարությունների շարքից էր` սեփական անձի PR նպատակներով: Ի վերջո, նա դեռ մտադրություն ունի շարունակել պաշտոնավարումը 2018թ. ապրիլից հետո, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, գործի խորհրդարանական կառավարման համակարգն ու երկրի փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Բայց Կարեն Կարապետյանը ճիշտ կաներ` իր PR շոուները անցկացներ ոչ ուրիշների, այդ թվում` իր նախարարների հեղինակության հաշվին, այլ իրականում գործ աներ, որի արդյունքը զգային նաեւ շարքային քաղաքացիները:
Երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը: Ընդ որում, ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց դատարանի դահլիճում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատավորը 600 դոլար է պահանջել քրեական գործերից մեկով ազատազրկման փոխարեն տուգանքի դատավճիռ կայացնելու համար: Կատարվածը, բնականաբար, մեծ իրարանցում է առաջացրել դատարանում, եւ ժամը 15:00-ից հետո նշանակված բոլոր դատական նիստերը չեղյալ են հայտարարվել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց այդ դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանին, որը, սակայն խուսափեց խոսելուց. «Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, Դուք նախ պետք է հասկանաք, թե ինչ հոգեկան վիճակի մեջ եմ, իմ վիճակը հասկացեք, չգիտեմ, թե ինչ է եղել»: Նշենք, որ ձերբակալված դատավորն այստեղ աշխատում էր 2008թ. ի վեր:
Կառավարությունը նախատեսել է առաջիկայում օպտիմալացնել դպրոցները: Պատճառը ֆինանսների բացակայությունն է: Դպրոցներ կան, որոնք քիչ թվով աշակերտներ ունեն, բայց մյուս կողմից դպրոցի շենքի պահպանման համար մեծ գումարներ են ծախսվում: Ու հիմա կառավարությունը որպես իրավիճակից դուրս գալու ելք դիտարկում է օպտիմալացումը: Նկատենք, սակայն, որ այս իրավիճակը նոր չի ստեղծվել, այլ հետեւանք է տարիներ շարունակ արտագաղթի. դպրոցներում տարեցտարի պակասել է նաեւ աշակերտների թիվը: Բավական է միայն նշել, որ եթե հինգ տարի առաջ` 2011-2012 ուստարում Հայաստանում եղել է 386 հազար 439 աշակերտ, ապա 2016-2017 ուստարում նրանց թիվը հասել է 364 հազար 868-ի: Ու այս իրավիճակում կառավարությունը ճիշտ կանի, եթե մտածի արտագաղթը կասեցնելու եւ երկրում ժողովրդագրական վիճակը շտկելու մասին, այլապես մի քանի տարի անց ստիպված է լինելու էլ ավելի օպտիմալացնել դպրոցները` ամեն մարզում պահելով 5-10 հատը:
Պրահայի հայկական եկեղեցին, պարզվում է, այնքան էլ հայկական չէ: Խոսքը ոչ միայն եկեղեցու արտաքին տեսքի, գմբեթին տեղադրված խաչի, այլեւ ներքին ձեւավորման մասին է: Նաեւ որեւէ տառ չկա եկեղեցու` հայկական լինելու մասին: Հիշեցնենք, որ այդ տաճարը հայկական թեմին նվիրաբերել է Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան 2015 թվականին: Կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ նրա հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն էր հայտնել Պրահայի կենտրոնում Չեխիայի հայկական համայնքին՝ պատրաստի, կառուցված, Յունեսկոյի պահպանության տակ գտնվող կաթոլիկ եկեղեցու պատմական շենքը տրամադրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը տեղում պարզեց, որ երկու տարիների ընթացքում այդպես էլ որեւէ բան չի արվել՝ եկեղեցուն քիչ թե շատ հայկական շունչ տալու համար: Անգամ հայկական սրբապատկերներ չկան այնտեղ, այլ միայն տեղադրվել է խաչքար, կնունքի արարողության համար նախատեսված լվացարան, խորանի վարագույր: Համաձայնեք, մեղմ ասած, սիրուն չէ:
ՀԱՆՈՒՆ 15 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ
Իշխանությունները շարունակում են ձեւացնել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, քայլեր անում այդ ուղղությամբ: Օրինակ՝ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունն իրավասու պետական մարմնին ազդարարել անանուն կերպով: «Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ՝ քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Ժամանակը ցույց կտա, թե այս համակարգի ներդրումը որքանո՞վ արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Սակայն միայն այն փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսում է քաղաքական կոռուպցիայի արդյունքում ձեւավորված իշխանությունը (հազիվ թե որեւէ մեկը մոռացած լինի ԱԺ վերջին ընտրություններում համատարած բաժանված ընտրակաշառքը) անվստահության ու թերահավատության տեղիք է տալիս: Բացի այդ՝ այս ընթացքում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր անհատների կողմից, ընդ որում, շատ հասցեական, բայց այդ ամենը հետեւանք չի ունեցել: Լավագույն դեպքում պատասխանատվության են ենթարկվել մանր ու միջին օղակի պաշտոնյաները, իսկ «խոշոր ձկները» շարունակել են անարգել պաշտոնավարումը: Եւ, ընդհանրապես, Հայաստանում այս տարիներին ձեւավորված կոռուպցիոն բուրգի կազմաքանդումը կտրուկ քայլեր է պահանջում, ոչ թե քայլերի իմիտացիա: Այնպես որ, որեւէ երաշխիք չկա նաեւ այս դեպքում. հազիվ թե իշխանությունները լրջորեն հետամուտ լինեն անանուն հաղորդումներին ու պատասխանատվության ենթարկեն կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածներին:
Մի փաստ էլ. ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մեկ անգամ չէ, որ հայտարարել է` ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 15 մլն եվրո տրամադրել, սակայն մինչ այդ իշխանությունները պետք է ցույց տան, որ պատրաստ են իրապես պայքարել այդ երեւույթի դեմ, պետք է կոնկրետ արդյունքներ գրանցեն: Ու հիմա օրենսդրական այս նոր նախաձեռնությունն ավելի շատ ԵՄ-ից 15 մլն եվրո պոկելու նպատակ է հետապնդում, քան իրական պայքար կոռուպցիայի դեմ: