Ո՞ՒՄ ԿԱՇԻՆ ՔԵՐԹԵՑ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում անհաջողության մատնվելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընդհատակ անցավ, բավարարվեց ընդամենը ընտրությունների վերաբերյալ տեսակետ արտահայտելով եւ վարչության նիստ գումարելու մասին հաղորդագրություններ տարածելով: Նկատենք, որ ստեղծման օրից ի վեր քաղաքական այս ուժը խորհրդարանում ներկայացվածություն է ունեցել, հետեւաբար ի՞նչ է անելու այսուհետ այս քաղաքական ուժը, եւ արդյո՞ք կուսակցապետ Արթուր Բաղդասարյանը շատ է բարկացել իր «զորքի» վրա:

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն է:
-Պարո՛ն Շահգելդյան, ինչո՞ւ է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընդհատակ անցել, շա՞տ եք հիասթափվել:
-Բացարձակ լռության խնդիր չկա, մենք ներկայացրել ենք պաշտոնական հայտարարություններ, մենք մեր դիրքորոշումները, մեր տեսակետները հայտնել ենք:
-Համենայն դեպս, կուսակցության ղեկավարից սկսած Ձեր կուսակիցները զերծ են մնում լրագրողների հետ շփումից: Ինչո՞վ կբացատրեք դա:
-Հիմա բայց Ձեզ հետ խոսում եմ, չէ՞: Ոչ մի խնդիր չկա, կուսակցությունը չի անցել, եւ մենք այսօր վերլուծում ենք, աշխատում ենք, բարեփոխելու ենք…
-«Հայկական վերածնունդ» կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը: Թերեւս մեկ ամիսը բավական ժամանակ է՝ վերլուծություններ անելու եւ հասկանալու համար, թե ո՞րն էր ձախողման իրական պատճառը: Եւ ուրեմն, կպարզաբանե՞ք:
-Այս հարցերին մենք պատասխանել ենք, տվել ենք գնահատականներ, դրանից ավելին այս րոպեին ես ասել չեմ կարող, մնացածն ինչ է, մենք էլի ներքին անալիզ ենք անում կուսակցությամբ, բնականաբար բարեփոխումներ են պետք, եւ շարունակելու ենք աշխատել: Մենք ավագանիներ ունենք Վանաձորում, Գյումրիում, գյուղապետեր, բնականաբար աշխատել եւ աշխատելու ենք:
-Ձեր գնահատականն այն է, որ ընտրակաշառքն էր «մեղավորը»: Իսկ վերլուծե՞լ եք՝ որտե՞ղ եք դուք սխալվել:
-Եթե մենք խոսել ենք ընտրակաշառքի մասին, բնականաբար դա գլխավոր գործոնն է: Ես նորից եմ ասում՝ մեր գնահատականներն ընդհանուր վերլուծությունների եւ մեր բարեփոխումների մասին մենք դեռ կխոսենք, կլինի մեր հստակ դիրքորոշումը:
-Ստեղծման օրից ի վեր «Օրինաց երկիր» կուսակցությունը եղել է խորհրդարանական ուժ, իսկ հիմա, երբ չի հաջողվել 6-րդ գումարման ԱԺ-ում եւս լինել, ի՞նչ եք պատրաստվում անել, շարունակելո՞ւ է գործել կուսակցությունը:
-Կուսակցությունը, բնականաբար, շարունակում է աշխատել, վերլուծում է ամեն ինչը, որպես քաղաքական ուժ՝ շարունակում ենք ակտիվ գործել, ինչպես նաեւ մեր միջազգային կապերով, կուսակցության արտաքին կապերով աշխատելու ենք:
-Այսինքն՝ դադարեցնելո՞ւ եք բոյկոտը Վանաձորում եւ մասնակցելու եք ավագանու նիստերի՞ն:
-Որոշումներն ինչպես կլինեն, դա երկրորդական է, փորձենք ճիշտ հասկանալ, նկատի ունեմ՝ մենք ներկայացված ենք տեղական ինքնակառավարման մարմիններում, գործողություններն ընթացիկ, դրանք տեղում կլինեն: Տարածքներում կուսակցությունը, բնականաբար, շարունակելու է աշխատել, շարունակելու ենք գործել:
-Մտածու՞մ եք Վանաձորի ավագանու նիստերին մասնակցելու մասին:
-Դրանք առանձին խնդիրներ են, որոնց մասին պաշտոնական հայտարարություններ կունենաք:
-Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ձեր թեկնածուները շատ վատ արդյունքներ գրանցեցին, ավելին՝ տարիներ շարունակ պատգամավորներ եղած թեկնածուներին չհաջողվեց հասարակության կողմից բավականին քվեներ ստանալ: Ինչո՞վ է դա պայմանավորված, թեկնածուների վատ ընտրություն էիք կատարե՞լ:
-Ո՛չ, թեկնածուների հետ կապված չէր խնդիրը, դա ընդհանուր խնդիր էր, որովհետեւ այն ռեյտինգայինը, որը կա, ըստ էության նույն մեծամասնականն էր, ես բազմիցս հայտարարել եմ:
-Արթուր Բաղդասարյանը շա՞տ է բարկացել իր թիմի վրա:
-Մեր պաշտոնական տեսակետները ներկայացված է, մոտեցումները ես ասացի, այսքանն այս դեպքում:
-Նախընտրական շրջանում ձեզ «սպառնացել էր» կաշիներդ քերթել, ո՞ւմ կարշին տեղում չէ հիմա…
-Պարոն Բաղդասարյանը նույնպես աշխատում է, պրոյեկտորներ կան, կրթական ծրագրեր կան եւ այլն, եւ այլն, կուսակցությունը վերլուծություններ է անում, բարեփոխումներ կլինեն, Դուք ամեն ինչը կտեսնեք:

 

 

 
ԱՆՀԱՍՑԵ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՉԷ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, հայտարարեց, որ շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել: Այդ իսկ պատճառով որոշեց հանձնարարել, որ հանձնարարականները կատարեն օրենքի տառին համապատասխան: Կառավարության անդամներից ո՞ւմ էր ուղղված այս նախատինքը, այդպես էլ նիստի ժամանակ չհստակեցվեց, որովհետեւ Կարապետյանը որեւէ պարզաբանում չներկայացրեց:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կառավարության անդամներից պարզել, թե ինչո՞ւ են իրենք թերացել՝ Կարապետյանի հանձնարարականնե՞րն են անկատարելի, դրա՞ համար հնարավոր չի լինում պատշաճ իրականացնել, թե՞ իրենք են դժվարանում խնդիրներին լուծում տալ:
Օրինակ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե այդ «նախատինքը» գոնե իրենց ուղղված չէր, ասել է, թե իրենք չեն թերանում աշխատանքները կատարելիս:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ում էր ուղղված վարչապետի խոսքը. «Ես կատարում եմ հանձնարարականները: Անձամբ ինձ չէր ուղղված, վարչապետը ընդհանուր նշեց, իմ մասով ես կատարել եմ»,-հավաստիացրեց Կարայանը:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց՝ չկա հանձնարարական, որ անկատարելի է. «Թերի կատարված հանձնարականների ցանկը, երբ մեզ ուղարկեն, մենք կներկայացնենք հիմնավորումները»,- նշեց նախարարը:
Այսպիսով՝ արդեն որերորդ նախարարն էր, ըստ էության, նույն պատասխանները հնչեցրել: Որեւէ մեկը չի կարծում, որ դա իրեն է ուղղված, հետեւաբար որոշեցինք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից պարզել, թե վարչապետն ու՞մ նկատի ուներ, հատկապես, որ դիմեց հենց Դավիթ Հարությունյանին եւ հանձնարարեց քննարկում կազմակերպել եւ ներկայացնել արդյունքները:
Պարզվեց՝ Հարությունյանը եւս կոնկրետ չգիտի, թե գործադիր մարմնի ո՞ր անդամին կամ անդամներին էր վերաբերում վարչապետի խոսքը. «Ընդհանուր է եղել խոսքն ուղղված, հանձնարարականն այն է, որ ժամկետները հաշվեն ոչ թե արձանագրությունը ստանալու պահից, որովհետեւ մինչեւ հիմա պրակտիկորեն բոլորի համար հաշվարկման հիմքը արձանագրություն ստանալու պահն է,- ասաց Հարությունյանը, ապա հավելեց,-ընդհանուր մոտեցում է, որովհետեւ վարչապետը համարում է, որ հենց բանավոր հանձնարարականը տվեց, արդեն ժամկետը սկսում է գնալ: Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»:
Իհարկե, ավանդույթը պահպանելը լավ բան է, բայց որքանո՞վ է ճիշտ սեփական հեղինակությունը կառուցել այլոց հաշվին՝ հրապարակավ հոխորտալով մի թեմայի շուրջ, որտեղ էություն չկա: Վարչապետի այս պահվածքը պարզապես շոու է հիշեցնում:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ՞
Խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց. դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից: Մինչ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը եւ անհատները կփարատեն իրենց խորը հիասթափությունը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն անգամ մտածում են ինքնալուծարման մասին, հատկապես այդ փուլում է գտնվում «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք այնքան հիասթափված են, ուժասպառ են եղել, որ մտադիր են ինքնալուծարվել, հարցը լսելով՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես քաղաքական արձակուրդում եմ, որեւէ հարցի չեմ պատասխանում»: Ըստ էության Մարտիրոսյանը ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները:

 

 

«ԻԳԼԱՅԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ
Մոտ օրերս լրանում է «Իգլայի» գործով կալանավորված անձանց 2-ամսյա նախնական կալանքի ժամկետը, եւ ըստ էության այս օրերին ազգային անվտանգության ծառայությունը գործով անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար կրկին միջնորդություն պետք է ներկայացնի դատարան: Բայց այս անգամ ազգային անվտանգության քննիչները պետք է այնպիսի հիմնավոր ապացույցներ ներկայացնեն դատարան, որի արդյունքում կալանավորված անձանց խափանման միջոցը չփոխվի, նրանք շարունակեն մնալ կալանքի տակ: Ինչպես հայտնի է՝ այս գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ներկայացվել են կողմերին, սակայն վերջիններս որեւէ ապացույց չեն գտել, որ կապ ունեն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ «9M39» հրթիռի հետ: Ինչպես հայտնի է՝ աղմկահարույց այս գործով կալանավորված են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ եւս մեկ անձ, որի անունը ԱԱԾ դեռեւս գաղտնի է պահում:

 

 

ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ
Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առաջ:




Լրահոս