ՄԻԱՅՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ ԿՈՒՏԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքն այլեւս գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Վտանգավոր մի թիվ, որի հետեւանքը տանելու են ՀՀ շարքային քաղաքացիները:

Պաշտոնական տվյալներով՝ մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար, որից միայն 5 մլրդ 514,3 մլն դոլարը կառավարության պարտքն է: Եւս մեկ ուշագրավ փաստ. այս տարվա հինգ ամիսների ընթացքում պետական պարտքն ավելացել է 95.3 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ այն 5 մլրդ 942.1 մլն էր:
Փաստորեն, պետք է արձանագրենք՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Եթե 2008թ. այն 1.9 մլրդ դոլար էր, ապա հիմա գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը, արդեն տարեվերջին նախատեսված է, որ պարտքը կմոտենա 6.5 մլրդի. այդպես է նախատեսված այս տարվա պետական բյուջեով: Իսկ միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով:
Ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից: Հայտնագործություն արած չենք լինի՝ ասելով՝ եթե երկրի տնտեսությունը զարգանում է, ապա պետական պարտքի չափերն այնքան էլ վտանգավոր չեն: Ի վերջո, նորմալ երկրները պարտք են վերցնում՝ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այդպես՝ տնտեսության զարգացումը խթանելու նպատակով: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսությունը շարունակում է մնալ վատթար վիճակում, եւ իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու՝ կառավարության ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս: Իսկ վերցված պարտքն էլ պարզապես արդյունավետ չի օգտագործվում. մի մասն ուղղվում է բյուջեի պակասուրդը փակելու վրա, մյուս մասը՝ ուղղակի մսխվում: Ի դեպ, 2017թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվության մեջ նշված է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են ավելի քան 33.4 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները՝ 14.2 մլրդ դրամ. սա՝ իմիջիայլոց:
Մեկ այլ ուշագրավ փաստ. ժամանակին «Պետական պարտքի մասին» օրենքով սահմանված էր, որ այն չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը: Սակայն 2015թ. հունիսին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց այդ օրենքում ու սահմանվեց, որ ՀՆԱ 60 տոկոսը չպետք է գերազանցի ոչ պետական պարտքը, այլ կառավարության պարտքը: «Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»,- նշված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասում: Հիմա անգամ այս տեսանկյունից «հաստատուն քայլերով» մոտենում ենք օրենսդրական արգելքին. 2016թ. Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլրդ դոլար, իսկ միայն կառավարության պարտքը մայիսի 1-ի դրությամբ 5 մլրդ 514,3 մլն դոլար է, ասել է, թե կառավարության պարտքը կազմում է ՀՆԱ 52,8 տոկոսը: Եթե սրան գումարենք 1.2 մլրդ դոլարի պարտատոմսեր թողարկելու, այդպես պետական պարտքն ավելացնելու կառավարության վերջին նախաձեռնությունը, ապա իրավիճակն առավել քան լուրջ է դառնում: Առավել եւս, երբ Հայաստանն այդպես էլ չի կարող վերադառնալ 2008թ. նախաճգնաժամային վիճակին: Այն ժամանակ, հիշեցնենք, Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 մլրդ դոլար էր, մինչդեռ 9 տարի անց այդպես էլ չենք հասել այդ ցուցանիշին:
Էլ չենք խոսում պետական պարտքը սպասարկելու գումարների մասին. որքան ավելանում է այդ պարտքը, այնքան ավելանում են սպասարկման նպատակով տրամադրվող գումարները: Ըստ այդմ, 2017թ. այդ նպատակով ծախսվելու է 245.8 մլն դոլար, 2018-ին` 268.9 մլն դոլար, 2019թ.՝ 316.4 մլն դոլար եւ, վերջապես, 2020թ. տրամադրվելու է 700 մլն դոլար:
Կարճ ասած՝ հայտնվել ենք լուրջ խնդրի առաջ, որի վերջաբանը կարող է երկրի անվճարունակությունը լինել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
3-Ը ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
ՀՀԿ ԳՄ նիստի անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ արդեն հստակեցվել է, թե ԱԺ որ մշտական հանձնաժողովներն են միանալու իրար. «Ըստ էության երեքը կլինեն միավորված՝ առաջինը պետական-իրավական հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, երկրորդը՝ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները, իսկ երրորդը՝ առողջապահության, մայրության եւ մանկության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները»,-տեղեկացրեց Մինասյանը, իսկ հարցին, թե ովքե՞ր են լինելու հանձնաժողովի նախագահները, ԳՄ անդամը հավաստիացրեց, որ դեռ հստակեցված չէ:

 

 

ԽԱԽՏԵԼ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով մեղադրյալի աթոռին հայտնված անձանցից մեկի ինքնությունը: Ընտրախախտումը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում. 20/24 ընտրական տեղամասում քվեարկելու է գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը, սակայն Վազգեն Ադամյանը ցանակցել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում: Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով նա մոտեցել է Ղուլյանին, ու չնայած վերջինիս մերժումներին՝ Ադամյանը նրան հանգիստ չի թողել, հետեւից քայլելով մոտեցել է քվեախցիկին եւ այդպես հետեւել: Ինչեւէ, այս արարքի համար Վազգեն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով` քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Գործն էլ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մնում է պարզել՝ քաղաքացու քվեարկությունը վերահսկելու համար ինչքան գումար էր տվել նա, որ կրնկակոխ հետեւում էր քվեարկության ընթացքին:

 

 

ՊԱՐՏՔՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնվել է երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության պարտատերերի ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա»-ն ՀԾԿՀ-ին պարտք է 63 հազար 600 դրամ: Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը դեռեւս 2014 թվականին սնանկ է ճանաչվել: Նշված ընկերության պարտատերերի թիվը գերազանցում է 100-ը: Իսկ ընկերության վաճառքի հանված գույքը այդպես էլ գնորդներ չի գտնում: Թե ինչպես է վճարելու Միկա Բաղդասարովը Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի պարտքը, առայժմ հայտնի չէ:

 

 
57 ՄԼՆ` ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 57.44 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.05-12.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 870.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել 57.44 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Մայիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ դեսպան Թիան Ըրլունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ` ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Չինաստանի կողմից Հայաստանին շուրջ 14,5 մլն ԱՄՆ դոլարի անհատույց տրամադրում՝ շտապ օգնության 200 մեքենաներ ձեռք բերելու նպատակով:




Լրահոս