ՊԱՐՏՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում ոչ միայն որոշվեց, թե ով է լինելու երկրի նախագահը, այլեւ հստակեցվեց, թե ով է լինելու առաջիկա տարիների թիվ մեկ ընդդիմադիրը` ի դեմս «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լը Պենի: Վերջինս շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի կապակցությամբ, ընդունել ընտրությունների արդյունքը եւ խոստացել վերակառուցել իր քաղաքական ուժը՝ պատրաստվելով հետագա քաղաքական պայքարին: Տպավորություն է, որ Լը Պենը նկատում է իր ղեկավարած ուժի թույլ կողմերը ու նախընտրում դրանք ինստիտուցիոնալ շտկման ենթարկելու միջոցով հարթել իր ճանապարհը Ելիսեյան պալատ հաջորդ ընտրություններում:

Արձանագրելի է, որ «Ազգային ճակատի» քաղաքական ողջ պատմության մեջ ամենատպավորիչ արդյունքն է ստացվել: Եվ հենց այդ հանգամանքի վրա էլ շեշտադրում կատարելով՝ Լը Պենն ընդունեց իր պարտությունը եւ ազդարարեց «Ազգային ճակատի» վերափոխման մասին: Լը Պենի պնդմամբ՝ իր ստացած քվեները հրաշալի հիմք են առաջիկա քաղաքական հարաբերություններում դիրքավորվելու ու նոր նախագահին ուժեղ ընդդիմություն դառնալու համար: Հատկանշական է, որ նրա հայրը 2002թ. երկրորդ փուլում պարտվել էր Ժակ Շիրակին՝ մոտ 22 տոկոս ստանալով, ինչը, այդուամենայնիվ, թույլ չտվեց «Ազգային ճակատին» դառնալ Ֆրանսիայի քաղաքական անկյունաքարային կուսակցություններից մեկը: Իրավիճակը փոխվեց 2017թ., երբ համաշխարհային միտումներից անմասն չմնաց նաեւ Ֆրանսիան՝ նախընտրությունը տալով դասական կուսակցություններից անջատված օպորտունիստներին:
Այժմ Լը Պենը կարծես տրամադրված է սթափորեն գնահատելու իրավիճակը, երբ հայտարարում է, որ ձեռնամուխ է լինելու «Ազգային ճակատի» վերակառուցմանը: Վերջինս ենթադրում է ոչ միայն նոր մարդկանցով կուսակցությունը համալրելու գործողություններ, այլեւ քաղաքական տեքստի ու տեսլականի զգալի վերանայում: Բնական է, որ նույն մեթոդաբանությամբ եւ հիմնավորումներով, որոնք այս ընտրություններում աջակցություն չստացան հասարակության մեծամասնության կողմից, Լը Պենը որեւէ շանս չի ունենա հաջորդ ընտրություններում: Ի դեպ, սա խնդիր է, որը չեն որսացել Հայաստանի ընդդիմության առաջնորդները: Հիշատակելի է, օրինակ, Վազգեն Մանուկյանի պարագան, որի տեքստը ոչնչով չփոխվեց 1996թ.-ի վեր բոլոր ընտրություններում` թեկնածուին տրվող 40 տոկոս աջակցությունը հասցնելով 1 տոկոսի: Ինչեւէ, անկարող լինելով իր գաղափարները հասցնել ընտրողների մեծամասնությանն ու արժանանալ նրանց աջակցությանը՝ նախագահի արդեն նախկին թեկնածու Լը Պենը անուղղակիորեն ընդունում է իր թույլ տված սխալները, ինչի վկայությունն է նրա պատրաստակամությունը կուսակցությունը հզորացնելու ու լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալու հարցում:
Ի վերջո, նա հայտնվել է կատարված փաստին դեմ հանդիման, երբ իր մեսիջը չընդունվեց հասարակության կողմից: Քաղաքական ուժը կամ գործիչը, չկարողանալով համոզել իր ընտրողին, պիտի կա՛մ առժամանակ հեռանա քաղաքական թատերաբեմից, կա՛մ էլ անմիջապես ձեռնամուխ լինի ներկուսակցական հսկայածավալ ռեֆորմների: Քաղաքական մեկուսացման օրինակներ պատմությունը բազմիցս է տեսել, ինչպես նույն Ֆրանսիայում վարվեց Շառլ դը Գոլը, երբ փակեց իր միավորման գրասենյակներն ու հեռացավ՝ սպասելով ֆրանսիացիների «ազգովի խնդրանքին»: Նման մի իրավիճակ ստեղծվեց Հայաստանում 1998թ., երբ նախագահ Տեր-Պետրոսյանը, անկարող լինելով թիմակիցներին համոզել իր ճշմարտացիության մեջ, հրաժարական տվեց եւ քաղաքական գործընթացներից փաստացիորեն մեկուսացավ մոտ 10 տարի: Սակայն թե՛ դը Գոլի, թե՛ Տեր-Պետրոսյանի պարագայում գործեց ոչ թե ինստիտուցիոնալ վերափոխումների մեխանիզմը, այլ քաղաքական իրավիճակի փոփոխության, կամ ավելի ստույգ` դրա լճացման հետեւանքով ինչ-որ պահի ոչ պոպուլյար գործչի կերպարի վերաիմաստավորումը հասարակության աչքում ու նրան անվերապահ առաջնորդի կարգավիճակի վերաշնորհումը: Եվ հենց ինստիտուցիոնալ փոփոխությունների բացակայությունն էլ պայմանավորեց հաջողության կարճաժամկետությունը, երբ դը Գոլը հասավ նախագահի պաշտոնին, լուծեց Ալժիրի հարցն ու ներքաղաքական փոփոխությունների իր առաջարկներում կրկին չկարողանալով շահել ֆրանսիացիների համակրանքը՝ երկրորդ անգամ հեռացավ քաղաքականությունից: Տեր-Պետրոսյանն իր իշխանության շրջանում հաջողությամբ լուծեց պետության հիմնադրման եւ պատերազմում հաղթանակի հարցերը, սակայն Արցախի խնդրի լուծման հարցում իր դիրքորոշման աջակիցներ չգտավ: 10 տարի անց վերադառնալով ակտիվ քաղաքականություն` նրա նախագահական երրորդ մարաթոնը փաստացիորեն կանգնեցվեց Մարտի 1-ի ոճրագործության գնով: Նույնիսկ ինչ-որ ժամանակահատված հենց նրա ղեկավարած քաղաքական ուժն էր Հայաստանում քաղաքական հարաբերությունների օրակարգի սահմանողը: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը 2017թ. անկարող եղավ Արցախի հարցի լուծման իր դիրքորոշման իրավացիության մեջ համոզել հանրությանը:
Երկու նախագահների ձախողման պատճառը, արդ, սոսկ անձնական փորձառության, անհատական հատկանիշների եւ խարիզմայի վրա հիմնված առաջարկների քաղաքականությունն էր՝ անհաղորդ հանրության ընկալումներին: Գուցե դը Գոլը իր ժամանակներում եւ Տեր-Պետրոսյանն էլ 1997թ-ին կամ այսօր ճշմարիտ էին իրենց մեկնաբանություններում, սակայն դրանից չի փոխվում իրերի դրությունը. այն է՝ նրանց առաջարկած լուծումների մեխանիզմները հասարակությունը չի ընկալում, եւ այստեղ խնդիրը ամենեւին էլ հասարակությունը չէ, այլ առաջնորդի կտրվածությունը հասարակությանն իսկապես հուզող խնդիրներից: Իսկ այդ ճեղքը ծածկելու միակ արդյունավետ տարբերակը ներկուսակցական վերափոխումներն են՝ առաջին հերթին բացթողումները տեսնելն ու դրանց շտկման ուղղությամբ լուրջ եւ հստակ քայլեր կատարելը: Օրինակ՝ այսօր ԱՄՆ-ում դեմոկրատները կարծես հանգել են հենց այս գիտակցությանը` նկատելով, թե որպիսի վրիպում էր Քլինթոնի առաջադրումն ու բացառապես դրա հետեւանքով Սպիտակ տունը Թրամփի պես սկսնակին զիջելը: Ահա, Ֆրանսիայում Լը Պենին գուցե հաջողվի շեղվել տեղապտույտից եւ իր քաղաքական պարտությունը փոխարկել ինստիտուցիոնալ կառույց ձեւավորելուն, մի բան, որ Հայաստանի ընդդիմադիրներին կարծես չի «սպառնում»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ռուսաստանում հուլիսի 1-ից երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:
Ինչ խնդիրներ կարող է առաջացնել այս օրենքը, ArmLur.am-ը փորձեց պարզել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից: «Բնականաբար, սկզբի շրջանում խոչընդոտ կլինի, բայց այսօր աշխարհի երկրներն ընդունում են տրանսպորտի բնագավառում առկա միջազգային կոնվենցիաներ, որոնք վերաբերում են ճանապարհային որակին, օրինակ` երկարատեւ ճանապարհորդության ընթացքում երկու վարորդ լինեն, որ մեկը հանգստանա, անիվների վիճակը, սանիտարահիգենիկ պահաջների ապահովումը…»,- ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց Մակարյանը: Նրա խոսքով` տարբեր երկրներ տարբեր կոնվենցիաներ են վավերացրել. «Հիմա հարկավոր է, որ մեր տրանսպորտային ընկերությունները ծանոթանան, վարորդների թրեյնինգներ իրականացնեն, որակը լավացնեն, նովիգացիոն ծրագրեր տեղադրեն, կարողանան սանիտարահիգենիկ պահանջներն ապահովեն: Ռուսաստանը շատ հետաքրքիր քայլեր է կատարում: ԵԱՏՄ-ի շրջանակում Ռուսաստանը, որպեսզի գերիշխանությունն ապահովի, իր համար օրենք է ընդունում, որն ավելի բարձր պահանջներ է դնում, որի շնորհիվ սկսում է սահմանափակել ԵԱՏՄ մյուս անդամների մուտքը կամ հնարավորությունը երկրում»:
Ըստ գործատուների միության նախագահի` Ռուսաստանը միշտ փորձելու է իր պահանջները բարձրացնելով ասել, որ սա իր օրենքն է եւ չի կարող չկատարել ու դրանով սկսի հարվածել, թուլացնել մյուսներին. «Սա, իհարկե, մի քիչ էլ քաղաքական նշանակություն ունի, որ Ռուսաստանը փորձում է իր դերը տնտեսական այդ բլոկում ավելի գերիշխող պահել»:
Գագիկ Մակարյանի համոզմամբ` քանի որ Ռուսաստանում կամ այլ երկրներում վաղուց այդ ճանապարհը անցել են եւ մոտիկ են դրան, Հայաստանում մի քիչ դա է պրոբլեմ. «Շուկան այնպես է, որ այլ երկրների տրանսպորտները կգրավեն, մեզ մոտ կֆիլտրվի: Պետք է պահանջները կատարել, հակառակ դեպքում մենք կունենանք խնդիր, ու դա կհաղթահարի կաշառք տալով. ուրիշ ճանապարհ չկա: Հայաստանը պետք է կոնվենցիաների լեզվով խոսի»: Եզրափակելով իր խոսքը` Մակարյանը նշեց. «Սա թեմա է, որ մեր կառավարությունը պետք է իր ուշադրության ներքո սուբսիդավորի վարկերը կամ ինչ-որ կերպ փորձի աջակցել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԲԵՐԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՔԱՄՈՒՑ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ

ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մայիսի 9-ին տեղի ունեցած ուժգին քամու արդյունքում բնակիչները մեծ վնասներ են կրել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Բերդի բնակիչներից: Նրանց պատմելով՝ հիմնականում վնասվել են քաղաքի սեփական տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու պատուհանները:

Մենք տեղեկացանք նաեւ, որ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը դիմել է մարզպետարան եւ խնդրել է համապատասխան մասնագետներ ուղարկել` վնասների չափը ճշտելու համար, որպեսզի հետագա հնարավոր փոխհատուցման հետ կապված խնդիրներ չծագեն:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ մարզպետարանի կողմից հանձնաժողով է ստեղծվել, որոնք վնասները կհաշվարկեն, կհաշվառեն: «Ուժեղ քամիներից վնասվել են բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքներ: Կարգը հետեւյալն է` պետք է դրա համար ստեղծված հանձնաժողովը ճշտի վնասների չափը եւ այն ուղարկի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ապա ՀՀ կառավարություն: Հնարավոր է՝ աջակցեն մարդկանց, տեսնենք»,- տեղեկացրեց մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ափինյանը:
Իսկ ահա Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վնասները հաշվարկող հանձնաժողովը դեռ չի ավարտել աշխատանքները: «Այն ընթացքի մեջ է: Հիմնականում վնասվել են տանիքները, բնակարանների ապակիներն են կոտրվել: Նաեւ ուժգին քամու պատճառով տանիքի շիֆրն է ընկել մի ավտոմեքենայի վրա եւ վնասել այն», – իրավիճակը ներկայացրեց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: Մեզ մնում է հուսալ, որ կառավարությունը իսկապես կփոխհատուցի սահմանամերձ Բերդի բնակիչների վնասները:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս