ԱՆԸՆԴՄԵՋ ՆՈՒՅՆ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ` «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը «Fly with me» երգով ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Մինչ մեր մասնակիցը պատրաստվում է իր վերջնական կատարմանը, հարկ է անդրադառնալ մրցույթի առաջին կիսաեզրափակչի՝ նրա ելույթին, առանձնացնել տարբեր երկրների ներկայացուցիչների առավել տպավորիչ կատարումները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի Արփիի (Արփինե Շահնուբարյան) հետ:

-Արփի՛, գիտեմ, որ հետեւում եք եվրատեսիլյան թոհուբոհին, խնդրում եմ՝ առանձնացրեք Ձեր ֆավորիտ երկրները:
-Ինձ շատ են դուր եկել Պորտուգալիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչների կատարումները: Շվեդիան, ինչպես միշտ, հանդես եկավ բարձր ճաշակով, եվրատեսիլյան չափանիշներին համապատասխան կատարմամբ եւ շոուով, իսկ Պորտուգալիայի ներկայացուցիչը, հակառակը, դուրս էր եվրատեսիլյան ստանդարտներից եւ առանձանում էր իր ուրույն ոճով: Իտալիան ներկայացնող երգչի կատարումն էլ «Եվրատեսիլ»-ի համար շատ ճոխ էր եւ գրագետ, մակարդակը շատ բարձր էր:
-Իսկ մեր երկրի ներկայացուցչի` Արծվիկի մասին ի՞նչ կասեք:
-Արծվիկի կատարումը փայլուն էր, մաքուր, ինչպես եւ սպասում էի, բայց միայն` կատարումը: Երգն ընդհանրապես ստացված չէ, եւ ես զարմանում եմ` ինչպես կարելի է անընդմեջ նույն հեղինակների երգերն ուղարկել «Եվրատեսիլ» («Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը): Եվ եթե նախորդ տարի Իվետա Մուկուչյանը «Love Wave» երգը (երգահանները կրկին Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններն էին) ուղղակի «ուտացրեց» հանդիսատեսին, Արծվիկի պարագայում այդպես չեղավ: Վերջին երկու տարում մենք տեսնում ենք նույն ձեռագիրը. մրցույթին ներկայացվում են կրկներգ չունեցող երգեր, որոնք հիշեցնում են շամանական, հնդկական մելիզմներ` ոչ ոքի չհետաքրքրող: Ես Արծվիկի համար բոլորովին այլ երգ էի պատկերացնում: Կարծում եմ` պետք է անկեղծ արտահայտվել, ճիշտն ասել, որպեսզի մեր երգարվեստում ինչ-որ բան փոխվի: Ամեն դեպքում, միշտ ասել եմ՝ բրավո այն երգիչներին, որոնք կանգնում են եվրատեսիլյան հանդիսատեսի առաջ ու երգում են. դա հսկայական պատասխանատվություն է:
-Զգացե՞լ եք, որ «Եվրատեսիլ» մրցույթի նկատմամբ հայ հանրության հետաքրքրությունը տարեցտարի մարում է: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը:
-Իմ անունից կարող եմ ասել, որ ներկայացվող երգերը շատ են նմանվում միմյանց: Այսօր աշխարհին զարմացնելը շատ է դժվարացել: Մյուս կողմից էլ հետաքրքրության նվազումն անմիջականորեն կապված է «Եվրատեսիլ»-ի` քաղաքականացված լինելու հանգամանքի հետ: Ամեն տարի նույն քաղաքականությունն է կիրառվում, նույն երկրներն են իրար համար քվեարկում:
-Իսկ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը արդյունավե՞տ է աշխատում:
-Մեր պատվիրակությունը պետք է մաքսիմալ լավ աշխատի: Միգուցե սխալվում եմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ դա տեղի չի ունենում: Երգիչն իր թիկունքում պետք է շատ ուժեղ թիմ ունենա, որպեսզի իրեն վստահ զգա: Դա դեռեւս առկա չէ:
-Եվ վերջում` ինչպե՞ս կարող է հայ երգիչն օգտագործել երգի միջազգային մրցույթը` իր կարիերայում թռիչքներ արձանագրելու համար:
-Պետք է մտածել այդ մրցույթից մաքսիմալ օգուտ քաղելու մասին: Բացի լավ երգ ներկայացնելուց` շատ կարեւոր է արտաքին շարմը, ճիշտ պահվածքը, լեզուների իմացությունը, փոքրիկ ինտրիգներ հյուսելու վարպետությունը: Իհարկե, որպեսզի մրցույթը հետագայում էլ քեզ «ծառայի», կարեւոր դեր է խաղում ֆինանսի գործոնը, որպեսզի տեղում չդոփես: Հաջողությունը գալիս է մի քանի փոխկապակցված գործոնների արդյունքում: Բոլոր դեպքերում մեր մասնակցին հաջողություն եմ մաղթում, նա արժանի է լավագույնին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԷԼԻ ՇԵՇՏԸ ԴՐՎՈՒՄ Է ՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ

«Կյանքի կարուսել», «Երջանկության արցունքները» հեռուստանախագծերից հայտնի, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Վերջերս նա նկարահանվեց «Սահմանին» սերիալի 2-րդ մասում եւ այդքանով, կարծես, սահմանափակվեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ սերիալում նկարահանվելու առաջարկ ունի, այդ ուղղությամբ դեռ բանակցություններ են տարվում. «Հիմա ինձ համար էկրանից հանգստանալու ժամանակահատված է, մի փոքր դադար կառնեմ ու կներկայանամ նոր կերպարով»,-ասաց նա:
Փոխարենը Ռոմանը ստեղծագործական կյանքում թատրոնին առնչվող նորություններ ունի: Վերջերս, օրինակ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա մասնակցությամբ ներկայացման պրեմիերա` «Չառլեի մորաքույրը»: Իսկ մայր թատրոնում էլ տեխնիկական վերազինման աշխատանքներից հետո մեկնարկել է հին ներկայացումները վերականգնելու գործընթացը:
Մեր այն հարցին, թե որպես երիտասարդ կադր՝ արդյոք ազգային ակադեմիական թատրոնում նոր շնչի, թարմ մոտեցումների կարիք զգում է, Ռոմանը պատասխանեց. «Թատրոնում վերանորոգման աշխատանքներից հետո էլ հին ներկայացումներ են մատուցվում, որոնք հարմարեցվում են նոր տեխնիկային: Որ ասեմ` թատրոնում թարմություն է մտել, կամ երիտասարդական ներկայացումներ են նորովի բեմադրվում, սխալ կլինի: Մասամբ երիտասարդական ներկայացում կարելի է համարել «Արծվաբույնը»: Նաեւ առաջիկայում վերականգնվելու է «Դեպք մետրոյում»-ը, որտեղ ես եւս խաղում եմ: Իհարկե, անհրաժեշտ են այնպիսի ներկայացումներ, որոնցում շատ երիտասարդներ ընդգրկված կլինեն: Անշուշտ, ավագ սերունդն է թատրոնի հիմքը, բայց ժամանակն է, որ երիտասարդներն էլ ունենան այն հնարավորությունները, ինչ ավագ սերնդի ներկայացուցիչներն են ունեցել մեր տարիքում: Թող որպես գովասանք չհնչի` մեր թատրոնի երիտասարդները պահանջված են ե՛ւ սերիալներում, ե՛ւ գեղարվեստական ֆիլմերում, այնպես որ թատրոնի ռեժիսորներն էլ պետք է մտածեն նրանց պոտենցիալը ճիշտ օգտագործելու մասին»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ»
Մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Այս տարի Հայաստանում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Տարվա կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում», որի շրջանակում անդրադարձ կկատարվի համամարդկային խնդիրների` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԴՐՎԱԳ
Կիեւում կայացած «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակչի ժամանակ արտառոց դեպք է գրանցվել: Մակեդոնիայի ներկայացուցիչ Յանա Բուրչեսկան իր սիրեցյալից ամուսնության առաջարկ է ստացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Ria.ru-ն տեղեկացնում է, որ հեռուստադիտողի ձայների հաշվարկի ընթացքում, երբ հաղորդավարները մոտեցել են Մակեդոնիայի պատվիրակության սեղանին, Ալեքսանդր անունով երիտասարդը հանել է մատանիով տուփը, ծնկի իջել ու Մակեդոնիան ներկայացնող երգչուհուն խնդրել ամուսնանալ իր հետ: Երգչուհին առանց վարանելու ընդունել է առաջարկը: Կազմակերպիչների խոսքով՝ սա «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում ուղիղ եթերով ամուսնության առաջարկի առաջին դեպքն էր:




Լրահոս