Լուսանկարն արվել է Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին
Երեկ բեռնատար գնացքը Արտաշատ-Մասիս ուղեմասի մոտ հարվածել է ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 ոչխար եւ գառ է սատկել: Մասիս քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Գերասիմ Խաչատրյանը, վարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող թիվ 4806 բեռնատար գնացքը, հարվածել է Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Հերոս Սադխյանին պատկանող ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 գլուխ ոչխար սատկել է:
Լուսանկարը` shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ես կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից եմ, ապա կարո՞ղ եմ իմ ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:
Նելլի Գրիգորյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
– եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ` 24.4 տոկոս,
– եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
– եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավելի` 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Կենսաթոշոկային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից` նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակի՞ց է, թե՞ ոչ:
ՀԱՐՑ. Ես քաղծառայող եմ: Խնդրում եմ ասեք՝ եթե քաղծառայողի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, ապա ո՞ր դեպքում է հնարավոր, որ դա դադարեցվի: Այսինքն՝ ուզում եմ իմանալ՝ կա՞ն հանգամանքներ, որոնք թույլ կտան դադարեցնել անցկացվող քննությունը:
Մհեր Հարությունյան (33 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում խորհուրդ.
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ օրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ: Նկատենք, որ 2015թ. քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել են բարձրագույն պաշտոններ զբաղեցնող 2 անձ, գլխավոր պաշտոններ` 63, առաջատար պաշտոններ` 39 եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող 27 անձ: Նրանց ընդանուր թիվը կազմել է 131: