ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել մարիխուանա և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանվելյանը, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի և զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետև` 2016թ. դեկտեմբերի 29-ին, իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է Արմավիր ՔԿՀ: Նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Մանվելյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը և բուպրենորֆին-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Այսպիսով, ՔԿՀ պաշտոնյան դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ինքն է ՔԿՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել դրանք:

Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ա. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորվումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս