Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կաշառքի գործով կալանավորումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հատուկ հանձնարարական է տվել:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Արարտի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկում կաշառք վերցնելու պահին կալանավորվել էր դատավոր Լեւոն Արազյանը: Վերջինիս անձամբ կաշառք էր տվել Վեդու քաղաքի բնակիչ Գրիգոր Շմասուրյանը: Չի բացառվում, որ դատավորը անձամբ է Գրիգոր Շմասուրյանին ասել, որ կարող է ազատազրկման չդատապարտել, այլ կարող է սահմանափակվել տուգանքով, եթե նա մի կլորիկ գումար՝ 600 ԱՄՆ դոլար տա իրեն, որն էլ եղել էր չարաբաստիկ կալանավորման պատճառը:
Այն, որ դատական համակարգում սա միակ աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումը չէ, գաղտնիք չէր ոչ ոքի: 2014 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազար դոլար կաշառքի համար ազատազրկման դատապարտվեց 8 տարի ժամկետով, 2016 թվականին 1000 դոլար կաշառք վերցնելու համար կալանավորվեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, որի գործով դատական քաշքշուկները դեռեւս շարունակվում են: Իհարկե, դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կալանավորումից հետո անհատապես զանգահարել է ՀՀ բոլոր դատարանների նախագահներին եւ հանձնարարել, որ զրուցեն դատավորների հետ, բացատրեն, որ նման քայլերի չգնան, քանի որ նմանօրինակ դեպքերը վնասում են համակարգի հեղինակությունը: Ավելին՝ նա նշել է, որ միգուցե նմանօրինակ զրույցները կօգնեն դատավորներին՝ հասկանալու, թե ինչ է սպասվում իրենց կաշառք վերցնելու դեպքում:
Իհարկե, դատարանների նախագահներից շատերը չեն հակադրվել Արման Մկրտումյանի հրահանգին, սակայն նշել են, որ դատավորները, լինելով օրենքի գիտակ մարդիկ, իրենք էլ լավ գիտեն կաշառք վերցնելու հետեւանքները, միթե նրանց պետք է բացատրել: Այնուամենանիվ, նրանք խոստացել են անպայման խոսել դատավորների հետ եւ բացատրել անզգուշ կաշառակերության սպասվելիք հետեւանքները:
Մեզ լուրեր հասան, որ դատարանների նախագահները Արման Մկրտումյանի զանգից հետո սկսել են դատավորների հետ զրույցներ իրականացնել՝ փորձելով բացատրել իրավիճակի լրջությունը: Սակայն դատավորներից շատերն էլ, լսելով դատարանների նախագահների զգուշացումը, համարել են շոու:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի դատարանների նախագահներից պարզել՝ կատարե՞լ են Արման Մկրտումյանի հորդորը: Սակայն հարցը լսելուն պես շատերը հրաժարվեցին պատասխանել՝ հորդորելով դիմել դատական դեպարտամենտ: Իսկ ահա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, անդրադառնալով Արման Մկրտումյանի հորդորին, որ անձամբ խոսեն դատավորների հետ, ասաց. «Ես զարմանում եմ՝ ի՞նչ է նշանակում հորդորել, նման խոսակցություն չի էլ եղել, բոլորն էլ գիտեն, որ դա չի կարելի, կամ չի կարելին ո՞րն է, բոլորն էլ գիտակից մարդիկ են»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան