Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի Բելառուսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հունիսի 25-29-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Բայց մինչեւ աշխարհամասի ստուգատեսը մայիսի 25-ին երիտասարդ ազատոճայինները կմեկնեն Բելառուս մասնակցելու միջազգային մրցաշարի: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Բելառուսում հիմնականում հանդես կգան Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշները.

«Առաջիկա միջազգային մրցաշարին կմասնակցեն մեր առաջին համարները: Թիմում ընդգրկել ենք նաեւ աչքի ընկած երկու մարզիկի, որոնք Հայաստանի առաջնության մրցանակակիր են: Բելառուսում ըմբիշներ կունենանք բոլոր քաշային կարգերում: Իհարկե, պայքարելու ենք մրցանակային տեղերի համար:

Մրցաշարից անմիջապես հետո կմեկնենք Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսեթիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք»,- ասաց Ավետիք Վարդանյանը:

Բելառուսի միջազգային մրցաշարին կմասնակցեն Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գեւորգ Մխեյանը, Գեղամ Գալստյանը, Արման Ավագյանը, Արման Անդրեասյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը եւ Հովհաննես Մխիթարյանը:




Լրահոս