Ռազմական ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից. ինչո՞ւ են գաղտնի պահվում ԶՈւ ղեկավար կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում  ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում: Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ իրադարձության մասին մեկ նախադասություն է, որտեղ, սակայն, բառ անգամ չկա քննարկված թեմաների մասին: Նման գաղտնապահությունը հազիվ թե պատահական լինի:

Ենթադրվում է՝ հանդիպումը կապված է Ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ: Ի վերջո, հիշում եք՝ մի կողմից միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը: Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում եւ ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս