Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը։ Այս մասին «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,-ասել է նա։
Է. Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները։
Կառավարության ծրագրի վերաբերյալ նա նշել է, որ ՀՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում, իսկ դրանից հետո իշխանության երկարաժամկետ ռազմավարությունն ու անելիքները ԱԺ-ում իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը՝ ախտորոշում ու գնահատական տալով բոլոր ոլորտներին։
Խոսելով ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի, մասնավորապես՝ 2040թ. թիրախային ցուցանիշների մասին, Է. Շարմազանովն ասել է. «Ես կարծում եմ, որ այդ ելույթն էականորեն տարբերվում է շատ ելույթներից, նոր մտածողություն է բերում մեր քաղաքական համակարգ, լավ իմաստով նոր խոսք է, որովհետև պատմության մեջ, քաղաքականության մեջ հաջողում են այն պետությունները, որոնք իրենց առջև դնում են ոչ թե 5-10 տարվա ծրագիր, այլ դնում են երկարատև ռազմավարություն։