Ո՞վ է Մհերի նշանածը, որտե՞ղ են նրանք ծանոթացել և ե՞րբ կամուսնանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս օնլայն տիրույթում ակտիվորեն քննարկվեց երգիչ Մհերի անձնական կյանքում տեղի ունեցած կարգավիճակի փոփոխությունը. պարզվեց` նա նշանադրվել է: Հայտնի է, որ երգչի նշանածի անունն Արմինե է, միջոցառումը կայացել է հայկական ավանդույթների համաձայն, մայիսի 19-ին, Երեւանում: Հայտնի է նաեւ, որ Մհերն ու Արմինեն արդեն կես տարի է` միասին են:

«Ժողովուրդ»-ը երգչի պրոդյուսերից` Գեորգի Հարությունյանից հետաքրքրվեց` ինչով է զբաղվում Արմինեն, որտեղ է Մհերը նրան հանդիպել. «Երգչի նշանածը շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի, նա Հայաստանից է, մասնագիտությամբ մանկավարժ է եւ այժմ դասախոսում է: Մհերի եւ Արմինեի առաջին ծանոթությունը կայացել է Երեւանի մշակույթի պետական քոլեջում»,-պատասխանեց Գեորգին:
Ի դեպ, Մհերն արդեն հասցրել է երգ ձոնել սիրելիին. շուտով այն կներկայացվի հանդիսատեսի դատին: Դա հայերեն ստեղծագործություն է` ուրախ, պարային բնույթի:

Մեր հարցին, թե այս տարի սպասե՞նք Մհերի ամուսնությանը, պրոդյուսերը նշեց, որ այո. այն չի ուշանա: Հաշվի առնելով Մհերի` հաճախակի այցերը Ռուսաստանի Դաշնություն, հետաքրքրվեցինք` զույգը որտեղ է պատրաստվում մշտական բնակություն հաստատել. «Նրանք Հայաստանում են ապրելու»,-ասաց Գ. Հարությունյանը:

Մենք անդրադարձանք նաեւ առաջիկայում Մհերի ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններին. «Շուտով երկրպագուներին կներկայացվեն 4-5 նոր երգեր, կլինեն նաեւ տեսահոլովակներ»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ երգչի գործնական կյանքը չի տուժի, նա նախկինի պես ակտիվ գործունեություն կվարի:

Պրոդյուսերը նաեւ հավելեց, որ Հայաստանի մարզերում սպասվում են համերգներ, հանդիսատեսի հետ հանդիպումներ, բացի այդ` մայրաքաղաքում եւս Մհերը հանդես կգա նոր ձեւաչափի համերգով. թե կոնկրետ ինչ ֆորմատի մասին է խոսքը, Գեորգին հրաժարվեց մանրամասնել: Փոխարենը նա նշեց, որ Մհերը համերգների հրավերներ ունի նաեւ արտերկրից` Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս