Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել:
Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր Լ. Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` կալանքի փոխարեն 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք:
Լ. Արազյանը Գ. Շամասուրյանի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս պահանջված գումարն իրեն հանձնի դատավճիռը հրապարակելուց հետո` մի քանի օր անց: Պայմանավորվածության համաձայն` դատավոր Լ. Արազյանն իր պահանջած կաշառքն ամբաստանյալից անձամբ ստացել է 11.05.2017թ.-ին` Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում:
Ինչպես արդեն Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք պահանջելու և ստանալու համար: Լ. Արազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սույն քրեական գործով կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործը հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: