Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային ծրագրերից. ապաշնորհ քաղաքականության հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային ծրագրերից: Բանն այն է, որ հարեւան երեք պետությունները՝ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, եռակողմ ձեւաչափով համագործակցության նոր ֆորմատ են նախաձեռնել, այս անգամ՝ ռազմաքաղաքական ոլորտում:

Նախօրեին Բաթումիում տեղի է ունեցել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Նրանք ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր, միաժամանակ, նաեւ պայմանավորվել են առաջիկայում, հավանաբար, հունիս-սեպտեմբեր ամիսներին, համատեղ զորավարժություններ անցկացնել, իսկ արդեն աշնանը հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջեւ:
Մինչ այդ առանձին երկկողմ հանդիպում է կայացել Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիայի ու Զաքիր Հասանովի միջեւ. նրանք քննարկել են ռազմական համագործակցության հարցեր:

Եւ ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, նախարարները պայմանավորվել են խորացնել եւ ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարեւորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին հարեւաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմամբ»:

Հարեւան Վրաստանը, իհարկե, իր սեփական շահերն ունի, եւ այդ շահերի շրջանակներում էլ կառուցում է հարաբերություններն այլ պետությունների, այդ թվում՝ հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սակայն նույն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են Արցախյան հակամարտության պատճառով: Եւ այս իրավիճակում շատ մեծ է հավանականությունը, որ սահմանակից երեք երկրների համագործակցությունն ինչ-որ պահի կարող է հենց մեր դեմ շուռ գալ, թեկուզ եւ անուղղակի կերպով (առավել եւս, երբ Թուրքիան ու Ադրբեջանը տարեցտարի ավելացնում են Վրաստանի տնտեսության մեջ ներդրումները՝ արդյունքում աննկատ, կամաց-կամաց ստանալով այդ երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու լծակներ):

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սահմանակից չորս պետություններից երեքը համագործակցում են միասնական ձեւաչափով ամենատարբեր ծրագրերի շուրջ, ընդ որում, այդ համագործակցությունը գնալով միայն խորանում է, իսկ ինքդ անհաղորդ ես մնում այդ ամենին: Մեղմ ասած, տխուր պատկեր է ստացվում. այդպես Հայաստանը տարեցտարի օտարվում է տարածաշրջանից, իր հարեւան պետություններից՝ հայտնվելով իզգոյի կարգավիճակում:

Այս իրավիճակն, իհարկե, նոր չի ստեղծվել: Տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացումը սկսվել էր շատ ավելի վաղ՝ դեռ 2000-ականների սկզբից. պարզապես մինչեւ հիմա Հայաստանը դուրս է մնացել տնտեսական ծրագրերից: Ինչպես հայտնի է՝ տարվա ընթացքում նախատեսված է շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, եւ արդյունքում արեւելքի ու արեւմուտքի միջեւ կապն իրականացվելու է՝ շրջանցելով Հայաստանը: Երկաթուղու գործարկման մասին երեկ հայտարարել է նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմի հետ հանդիպման ժամանակ:

Շատ ավելի վաղ գործարկվել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով՝ կրկին շրջանցելով Հայաստանը: Ու հիմա հերթը հասել է տարածաշրջանային ռազմաքաղաքական ծրագրերից մեկուսանալուն: Ու սա գլխավորապես Արցախյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառով:

Այս ամենի մեջ, սակայն, կարեւոր է մեկ այլ հանգամանք. ի՞նչ է անում Հայաստանը մեկուսացման վտանգները չեզոքացնելու կամ գոնե բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Ոչինչ կամ գրեթե ոչինչ: Մինչեւ հիմա հայկական կողմն այդպես էլ չի արձագանքել հարեւան երկրների՝ եռակողմ ձեւաչափով միջոցառումներին: Բայց եթե նկատի ունենանք փաստը, որ այսօր

Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է դիվանագիտությունից բացարձակապես հեռու անձնավորություն՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, եւ ընդհանրապես, Հայաստանի իշխանությունները վարում են բացարձակ ապաշնորհ քաղաքականություն, ստեղծված անբնական իրավիճակը կարելի է բնական համարել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս