Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալության փոխնախագահ Պետր Պախլին Moody’sի՝ Ադրբեջանի վերաբերյալ ամենամյա հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակի և ապագայում սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Գործակալության փոխնախագահը նշել է, որ «Ադրբեջանի միջազգային» բանկի արտաքին պարտավորությունների վերաձևակերպումը կարող է մեծ վտանգ հանդիսանալ Ադրբեջանի տնտեսության վերականգնման և ապագայի համար: «Բանկային հատվածում մանաթի իրացվելիության պակաս կա, ինչը սահմանափակում է վարկավորումը, իսկ դոլարով վարկավորման պահանջարկը զգալիորեն նվազել է, ինչը նույնպես վկայում է տնտեսության ոչ լավ վիճակի մասին», նշել է նա Պետր Պախլինը նշել է նաև, որ Ադրբեջանում մանաթի դեվալվացիայի քաղաքականությունը պատշաճ չի իրականացվել:
«Ադրբեջանի կենտրոնական բանկը ուշացրեց ազգային արժույթի դեվալվացիայի գործընթացը: Ադրբեջանի հարևանները, ինչպես նաև հիմնական առևտրային գործընկերները դա կարողացան անել ժամանակին: Կառավարությունը դրամավարկային քաղաքականությունը սկսեց խստացնել 2016-ի աշնանը, ինչը նույնպես ուշացած գործընթաց էր», հավելել է գործակալության փոխնախագահը: Moody’sի պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանի տնտեսական հետընթացը շարունակվելու է և որ ապագայում սպասվելիք տնտեսական ցուցանիշների համար նավթի գները շատ կարևոր դերակատարում են ունենալու:
«Միայն թանկ նավթը կարող է այս պարագայում նպաստել Ադրբեջանի տնտեսության վերականգնմանը: Մեր վերջին հաշվետվության համաձայն` գալիք տարի Ադրբեջանի տնտեսությունը ունենալու է 1 տոկոսի անկում: Ադրբեջանում տնտեսական աճ գրանցվելու համար շատ կարևոր է, որ տեղական նավթի գինը 50 դոլարից ավելի լինի», շեշտել է փորձագետը: Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Serviceը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 13 տարիների ընթացքում ( ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա) Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում: Գործակալությունը անդրադառնալով Ադրբեջանի խոշորագույն բանկում առաջացած ճգնաժամին նշել էր, որ կառավարության կողմից «Միջազգային բանկի» արտաքին պարտավորությունների ստանձնումը մեծ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտների համար:
Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` Ադրբեջանի կառավարությունը ստանձնած պարտքը պատրաստվում է վճարել, կամ հարկերի բարձրացման միջոցով, ինչը կհարվածի առանց այն էլ ծանր վիճակում հայտնված ձեռնարկատիրությանը, կամ էլ` երկրի նավթային պետական հիմնադրամի հաշվին,ինչը մեծ հարված կհասցնի նավթային հիմնադրամի պահուստներին: Ադրբեջանի կառավարությունը վելի ուշ հայտնել է, որ կարող է հրաժարվել «Ադրբեջանի միջազգային» բանկի պարտավորությունների վճարումից, սակայն վարկատուները, որոնցից է նաև Ղազախստանը փորձելու են ամեն կերպ ետ ստանալ իրենց գումարներն Ադրբեջանից: