Բարեկամավան գյուղի դպրոցն ունի երկու շրջանավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, դպրոցը դարձյալ առաջին դասարան չի ունենա:
Այս տարի առաջին անգամ պետք է դպրոց հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը:

Սակայն Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը) ղեկավարի ընտրություններում պարտվեց: Նա այժմ Երեւանում է բնակվում, եւ բնականաբար նրա աղջիկը սեպտեմբերի 1-ին Երեւանում դպրոց կհաճախի: Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ Գարիկի եղբոր տղան Արտաշատում, իսկ դպրոցի պատմության ուսուցչի եւ դասվարի թոռիկն էլ Իջեւանում առաջին դասարան կհաճախեն: Արտագաղթի ծանր հետեւանքները Բարեկամավանում ակնառու են: 2011-2012 ուսումնական տարում այդ դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ: Այժմ կրթօջախի բոլոր՝ 5 դասարանները երկկոմպլեկտ են: Դպրոցի շենքը եւ մարզադահլիճը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, պատուհանները փոխվել են, որպեսզի դասասենյակները պաշտպանված լինեն ադրբեջանական զինուժի կրակից:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն 2012 թվականին Բարեկամավանի դպրոցում ներառական կրթության դասասենյակ է կահավորել, որտեղ 4 երեխա ներառական կրթություն է ստանում: Սակայն դպրոցը խմելու ջրի խնդիր ունի: Ա. Ազատյանն ասաց, որ երեք օրը մեկ գյուղի խորքային հորից ջուր են ստանում, սակայն այն որակյալ չէ: Դպրոցի ջրահեռացման համակարգը չի գործում: Անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները:

1970-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ: Հիմա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 21 է: Ա. Ազատյանը հայտնեց, որ վերջերս բարեկամավանցի Արթուր Ղարաքեշիշյանի հուղարկավորության ժամանակ իրեն են մոտեցել Ռուսաստանում, այլ տեղերում ապրող իր նախկին աշակերտները եւ արցունքներն աչքերին՝ հարցրել, թե երբ Բարեկամավանում կյանքի պայմաններ կստեղծվեն, որպեսզի իրենք վերադառնան հայրենի գյուղ, քանի որ շատ են կարոտել հարազատ շենին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս