Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ նախօրեին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական գործակցության եռակողմ հուշագիրն անհանգստացնող պետք է լինի ՀՀ-ի համար։ «Առավոտ»-ի հետ զրույցում նա ասել է. «Ցանկացած գործակցություն, որտեղ կա Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցություն, և որտեղ վերջիններս իրենց շահն են հետապնդում, մեզ համար պետք է մտահոգիչ լինի։ Առավել ևս, երբ դրանում Վրաստանի մասնակցությունը կա»։
Ալիկ Էրոյանցը նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական լուրջ ազդեցության հավանականություններ ունի Ռուսաստանը, և այդ տեսանկյունից ևս նշյալ գործակցության հուշագիրը խնդրահարույց է. «Այդ համատեքստում շուտով կարող է Իրանն էլ որպես ակտիվ գործոն հանդես գալ։ Այնպես որ, շահերի բախման հարթություն կա»։
Միաժամանակ, փորձագետը նկատել է, որ հուշագրի մանրամասներն ի հայտ գալու դեպքում է հնարավոր իրավիճակը բազմակողմանի դիտարկել։
Թերթը հիշեցնում է, որ հուշագրի շրջանակում այս տարի նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն։