Թուրքիան Վաշինգտոնում իր իսկ կիրառած բռնությունների համար մեղադրում է ԱՄՆ իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16­-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ չեն ընդունում բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը թուրքական կողմի հարձակման համար մեղավոր է հայտարարել Միացյալ Նահանգներին՝ ասելով.

«Միջադեպը տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ չնայած պաշտոնական նախազգուշացումներին: Չկա պատասխան այն հարցին, թե ինչու ԱՄՆ իշխանությունները անհրաժեշտ անվտանգության միջոցներ չձեռնարկեցին դեսպանի կեցավայրի դիմաց, ինչպես արել էին այցի մյուս հատվածներում»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 25-­ին միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որով դատապարտում է մայիսի 16-­ին ԱՄՆ­ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Ամենայն հավանականությամբ, բանաձևը ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հունիսի սկզբին: Ընդունված բանաձևի տեքստում նշված է.

«Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձևում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ­ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-­ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:




Լրահոս