Սոս Ջանիբեկյանը` չարաճճի աշակերտ լինելու և դպրոցական սերերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարի դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին։ Մինչ շատերը պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց կյանքի վճռորոշ փուլերից մեկին, մենք փորձեցինք մի քանի տարի ետ գնալ եւ պարզել՝ ինչպիսի աշակերտ է եղել դերասան Սոս Ջանիբեկյանը, որ առարկաներն է սիրել, որոնք ոչ, արդյո՞ք ունեցել է դպրոցական սերեր։

«Շատ ակտիվ, արկածախնդիր աշակերտ եմ եղել, 3-4 ընկերներով համարվում էինք դպրոցի ամենաչարաճճի աշակերտները. միշտ կողքի դպրոցի, բակի տղաների հետ կռիվներ էինք անում, որտեղ վտանգ էինք տեսնում, քիթներս մտցնում էինք մեջը»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դերասանը։
Նա նշեց, որ դպրոցում առանձնապես լավ չի սովորել, սակայն կարողացել է այնպես անել, որ այդ հատկանիշով աչքի չընկնի. «Քննություններից մի քանի օր առաջ օրուգիշեր պարապում էի, լրացնում բաց թողածը։ Դրան նպաստում էր նաեւ իմ դերասանական ջիղը. կարողանում է ուսուցիչների վրա տպավորություն գործել։ Ասեմ նաեւ, որ շատ լավ արտագրում էի, այնքան արագ, որ գրողից հետ չէի մնում։ Ամեն դեպքում ունեի սիրելի առարկաներ՝ հայոց լեզու, գրականություն, ֆիզկուլտուրա, նաեւ մի առարկա, որի շրջանակում ուսումնասիրում էինք աշխարհի լեգենդները։ Դպրոցական տասը տարիների ընթացքում ինձնից չեն պահանջել ծնող կանչել։ Այդ ժամանակահատվածն ինձ համար իսկապես շատ հաճելի է եղել, թեեւ վերջին երկու տարվա ընթացքում հաճախ էի դասերից փախչում»։

Հարցին, թե արդյոք դպրոցական տարիներից Սոսը բացահայտել էր դերասանական իր ջիղը, վերջինս պատասխանեց. «Երբ որեւէ միջոցառում էր լինում, գլխավոր դերը տալիս էին ինձ։ Երբ ութերորդ դասարանում խաղացի ժայռին գամված Պրոմեթեւս, հայրս տեսավ, ասաց. «Իմ տղան դերասան է»»։ Ինչ վերաբերում է դպրոցական տարիներին ունեցած սերերին, Սոսն անկեղծացավ. «Ես այդ տասը տարիների ընթացքում միշտ սիրահարված եմ եղել. մինչեւ չորրորդ դասարանը մի աղջկա, չորրորդից վեցերորդը՝ ուրիշ, վեցերորդից ութերորդը՝ այլ աղջկա։ Արդեն ութերորդ դասարանից սկսեցի ընկերություն անել մի աղջկա հետ, եւ մեր հարաբերությունները համեմատաբար երկար տեւեցին. մինչեւ առաջին կուրս միասին էինք։ Հիմա նրանցից ոչ ոքի հետ կապ չունեմ, պարբերաբար հանդիպում եմ միայն նշածս 3-4 ընկերների հետ»,-եզրափակեց դերասանը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս