Կարևոր է, որ երեխան օրորոցից լսի Կոմիտաս. Հայկուհի Բաբախանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող, «Ժողովրդական երգիչ-2» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանն այն համոզման է, որ իր ներկայացրած ժանրն այսօր ավելի մեծ տարածում ունի, քան, օրինակ, մի քանի տարի առաջ։ Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի ծրագրերի մասին, խոստովանել, որ առանց երաժիշտ ամուսնու բեմ չի բարձրանում։

-Հայկուհի՛, մի քանի տարի առաջ հասաք Ձեր կարիերայի պիկին, բայց հիմա, կարծես, պասիվացրել եք Ձեր գործունեությունը։ Ինչո՞ւ։

-Չէի ասի, թե գործնական կյանքում պասիվ շրջան է. պարբերաբար մասնակցում եմ համերգների, վերջերս էլ հանդես եկա Միացյալ Նահանգներում։ Պարզապես այս տարի ավարտում եմ Կոնսերվատորիան, ուսանողական թուհուբոհի մեջ եմ, բացի այդ՝ վերջին շրջանում նվիրվել եմ ընտանիքիս։ Ամեն դեպքում, գործունեությունս, վստահաբար, շարունակելու եմ։ Առհասարակ, երբ հասնում ես մի պիկի, պետք է այդ հաջողությունը պահես. մրցույթներում հաղթելով ոչինչ չի որոշվում։

-Դուք եւ Ձեր սերնդի երգիչները հասե՞լ եք նրան, որ դրսում եւս հանրահռչակեք ազգային, ժողովրդական երգերը։

-Եթե համեմատեք տարիներ առաջ ունեցած եւ ներկայիս իրավիճակները, դրական տեղաշարժը միանշանակ տեսանելի է։ Տարիներ առաջ երբ համերգներով հանդես էինք գալիս, օրինակ, ԱՄՆ-ում, դահլիճում ներկա էին լինում միայն տարեց մարդիկ, իսկ այսօր դահլիճները լի են երիտասարդներով, որոնք մեզ հետ հավասար կատարում են աշուղական, ազգագրական երգերը։ Իհարկե, աշխատելու շատ տեղ ունենք։

-Ձեզ առաջիկայում էլի՞ երաժշտական մրցույթներում կտեսնենք։

-Ես երբեք չեմ խուսափել մրցույթներից, պատրաստ եմ անգամ մեր երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում։

-Գիտեմ, որ ոճային փոփոխության դիմելու առաջարկներ շատ են եղել, բայց ոչ մեկը չեք ընդունել, ինչո՞ւ։

-Այո՛, օրինակ՝ տարիներ առաջ Գարիկ Պապոյանը նմանատիպ առաջարկ արեց, բայց հրաժարվեցի։ Ինձ համար կարեւորը ազգայինը պահելն է, իմ նպատակը մաքսիմալ ճանաչվելը կամ ամեն գնով գումար աշխատելը չէ։ Այդ պատճառով էլ միշտ հավատարիմ եմ մնացել այն ժանրին, որ ներկայացնում եմ։

-Բայց այդ պարագայում ֆինանսական առումով չե՞ք տուժում։

-Անկեղծ ասած՝ ամուսինս բավականաչափ վաստակում է, եւ ես չեմ կենտրոնանում այդ խնդրի վրա։ Ամեն դեպքում, ես էլ շատ հետ չեմ մնում այդ առումով։ Ճիշտ է, մեր ժանրի երգիչները այլ ժանրերի ներկայացուցիչների հետ համեմատած՝ շատ գումար չեն աշխատում, բայց կարելի է նաեւ այդքանով բավարարվել եւ փոխարենը լավ գործ անել։

-Երիտասարդ երգիչներն այսօր կարծես թե ձգտում են դեպի աշուղական, ժողովրդական երգերը, այդպե՞ս է։

-Այո՛, էստրադային, ջազային երգիչների մոտ էլ է այդ միտումը զգացվում, ինչը շատ ուրախալի է եւ գովելի։

-Տարիներ առաջ Երեւանի պետական կոնսերվատորիայում բացվեց սանթուրի բաժին, եթե չեմ սխալվում, ընդամենը մեկ ուսանող էր այդ բաժնում սովորում։ Ըստ Ձեզ՝ կարիք կա՞ որ ուրիշ նոր գործիքների բաժիններ էլ բացվեն։

-Իրականում ժողովրդական գործիքներն այսօր պահանջարկ ունեն։ Կարծում եմ՝ ամեն գործիք պետք է ունենա իր բաժինը, որպեսզի երաժշտական դպրոցներում ուսանելուց հետո սաներն իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։

-Ձեր ամուսինը՝ Ալբերտ Օրդինյանը եւս երաժշտական աշխարհից է՝ դհոլահար է։ Միասին հանդես գալու առիթներ լինո՞ւմ են։

-Առաջիկայում եթե տեսահոլովակ նկարահանեմ, մտադիր եմ նրա հետ ներկայանալ։ Իսկ առհասարակ, ասեմ, որ բոլորն էլ գիտեն՝ իմ համերգների ժամանակ ամուսինս միշտ նվագակցում է ինձ, առանց նրա ես բեմ դուրս չեմ գալիս։

-Ձեր բալիկի համար ի՞նչ օրորոցայիններ եք երգում։ Որքանո՞վ է կարեւոր, որ հայ մայրերը մեր հին օրորոցայինները կատարելով՝ պահպանեն, ինչու ոչ՝ փրկեն այդ գործերը։

-Շատ կարեւոր է, որ երեխան օրորոցից լսի Կոմիտաս, ժողովրդական, աշուղական երգեր։ Իմ երեխան դրանց ներքո հաճույքով քնում է։ Երեխան եթե նույնիսկ այդ պահին չարձագանքի, նրա մոտ, միեւնույն է, լսածը նստվածք է թողնում, եւ երբ մեծանում է, դա օգնում է նրան ճաշակ ձեւավորել։ Այնպես որ, բոլոր մայրիկներին խորհուրդ եմ տալիս կյանքի կոչել այդ առաքելությունը, քանի դեռ զավակները փոքր են։

Աննա Բաբաջանյան




Լրահոս