Կամուրջները այրելով. Կառավարությունը հաստատել է պայթյունավտանգ օրինագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից մայիսի 18-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մոտ: Նշենք, որ օրինագիծը կառավարությանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փոփոխությամբ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, որը քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացնելու, պարտավորվելու է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում 1 տարվա ընթացքում օտարել իր սեփականությունը համարվող հողը: Հակառակ դեպքում, երբ սեփականատերը նշված ժամկետում հողը չի օտարում, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է հողի արժեքը:

Ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի` այս օրինագիծը բավականին վիճահարույց է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի առաջին կետին, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածին: Նշված հոդվածներով ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու եւ տնօրինելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում հողամասը: «Իսկ այդ փոփոխություններով նախատեսվում է, որ այն մարդիկ, որոնք կդադարեցնեն կամ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, պարտավոր են լինելու մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասերը օտարել»,- նկատեց փաստաբանը:

Հակառակ դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կտրվի հայցադիմում ներկայացնել դատարան եւ դատական կարգով այդ անձանց զրկել հողամասի սեփականությունից եւ այն օտարել: Իսկ օտարված հողամասի արժեքը նախատեսվում է տրամադրել նախկին սեփականտիրոջը: «Այսինքն՝ փորձելու են փողը վերադարձնել եւ ասելու են` դու ՀՀ քաղաքացի չես, փողդ տալիս ենք, գնա՛: Բայց դրանով խնդիր են առաջացնելու. նախ՝ անձին կամայականորեն զրկում են սեփականությունից, համաձայն որի` ինքը իր հայեցողությամբ չի տիրապետում եւ տնօրինում սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը: Չէ՞ որ հայտնի է, որ հազարավոր մարդիկ այսօր գտնվում են ՀՀ-ից դուրս, մարդիկ կան, որոնք իրենց անունները, ազգանունները տարբեր պատճառներով փոխել են, կան նաեւ մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից եւ դարձել են այլ պետության քաղաքացի: Բայց այժմ ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկելով նաեւ հողամասից՝ կոպիտ ասած` պորտալարը կտրում ենք իրենց հայրենիքից»,- մեծ ափսոսանքով նկատեց փաստաբան Նորիկյանը:

Չնայած սրան` փաստաբանը կարծում է, որ այս օրինագիծը ՀՀ ազգային ժողովում բուռն կքննարկվի: Նա հույս ունի, որ Ազգային ժողովը կցուցաբերի ողջամտություն եւ առավել նպաստավոր օրենքի կվերածի այս օրինագիծը:

«Հասկանում եք` մենք այսպես նրանց վերադարձի պատուհանը փակում ենք. ինչ-որ առումով ասում ենք` եթե դու գնացել ես այս երկրից եւ չես ուզում ապրել այստեղ, հետեւաբար դու այս երկրում հողամաս ունենալու իրավունք էլ չունես: Ես կարծում եմ, որ բավականին պայթյունավտանգ օրինագծի հետ մենք գործ ունենք: Եւ ամենավտանգավորն այն է, որ հնարավորություն ենք տալիս օլիգարխիային եւ փող ունեցողներին գնելու այդ հողամասերը, իսկ 10-20 տարի հետո նրանք տիրապետելու են մեր հողային ֆոնդի մեծամասնությանը»,- նշեց Նորիկյանը:

Հ. Գ. Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում` հունվարից մինչեւ մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նշենք, որ այս դիմումները դեռեւս ենթակա են հաստատման, քանի որ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու քաղաքացիությունից զրկումը իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ քաղաքացիություն ստանալու եւ զրկելու դիմումների քննարկման համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս