Կեղծ թղթադրամների շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր, որ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ են հայտնվել շրջանառության մեջ, ինչի վերաբերյալ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Ավելին՝ գրել էինք, որ Սյունիքի մարզում էլ անչափահասներն էին 20 հազարանոց կեղծ թղթադրամներ պատրաստել եւ մի շարք խանութներից գնումներ կատարել:
Իսկ հիմա բանը հասել է այնտեղ, որ Հայաստանում օտարերկրյա թղթադրամներն են կեղծում: Պարզեցինք, որ Արմեն Ասատրյանը եւ Սուրեն Տեր-Վարդանյանը պատրաստել են օտարերկրյա կեղծ թղթադրամներ եւ սկսել այն իրացնելու գործընթացը: Վերջիններս 2017 թվականի ապրիլի սկզբներին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Ռուստամ Հասանյանից գնել են 2 գլուխ ոչխար՝ դրա դիմաց վճարելով մեկ հատ 5000 ռուբլի, մեկ հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի եւ մեկ հատ 50 ԱՄՆ դոլլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ:
Արմեն Ասատրյանի եւ Սուրեն Տեր-Վարդանյանի գործողությունները այսքանով չեն ավարտվել: Պարզեցինք, որ Այնթապ գյուղի բնակիչ Վոլոդյա Խուդոյանից էլ 3 գլուխ ոչխար են գնել դրա դիմաց վճարելով երեք հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի եւ հինգ հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ:
Այս ճանապարհով վերջիններս մի շարք այլ անձանցից եւս կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել:
Նկատենք, որ Արմեն Ասատրյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, իսկ ահա Սուրեն Տեր-Վարդանյանը՝ 8 անգամ: Ինչեւէ, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն: Սակայն այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նախկինում մի քանի անգամ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հետաքրքիր է նախաքննությունը իրականացնող մարմինը ինչ երաշխիք ունի, որ վերջիններս չեն շարունակում իրենց հանցավոր արարքը:
Հավելենք, որ օրերս տաքսու վարորդները եւս ահազանգել էին՝ նշելով, որ մի շարք քաղաքացիներ օգտվում են տաքսի ծառայությունից եւ վճարում են ռուբլիով, որը հետագայում պարզվում է՝ կեղծ է:
Քնար Մանուկյան