ՀՀ իշխանությունները մշտապես բարձրաձայնում են գյուղացիների հոգսերի մասին, կոչ անում, որպեսզի գյուղերի բնակիչները չանտեսեն իրենց հողերը եւ զարկ տան հողագործությանը: Հատկապես վերջին կոչին անհաղորդ չեն մնում նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկները եւ հանրապետության տարբեր մարզերում հիմնում են ջերմոցներ՝ այդ կերպ խլելով շատ գյուղացիների ապրուստի միակ միջոցը: Անկախ բարձրագոչ հայտարարություններից՝ կյանքը ցույց է տալիս, որ գյուղացու հոգսը չի թեթեւանում: Գյուղացիները չեն դադարում բարձրաձայնել, որ մթերքներ իրացնելու ժամանակ բախվում են խնդիրների, եւ հաճախ մթերումն ուղղակի անհնար է լինում:
Ինչո՞վ է այս պարագայում զբաղվում գյուղատնտեսության նախարարությունը եւ ինչպե՞ս է օգնում գյուղացիներին.
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն է:
-Պարո՛ն Առաքելյան, ամեն տարի գյուղացիները բողոքում են, որ չեն կարողանում իրացնել իրենց բերքը: Նման դեպքերում հայտարարվում է, որ ծրագրեր են մշակվում, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց որեւէ առաջընթաց չի նկատվում: Մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու:
– Կան շատ խնդիրներ, որոնք լուծված չեն համակարգային, մենք պետք է համակարգային լուծում տանք: Ուղղակի լուծում տալ սիտուատիվ, դա սխալ է: Դրա համար հիմա ծրագրեր ենք մշակում եւ գործիքներ, որոնցով ժամանակաշրջանի ընթացքում խնդիրները կամաց-կամաց կնվազեն: Կլինեն այլ խնդիրներ, բայց ավելի քիչ սոցիալական, ավելի շատ բիզնես խնդիրներ, ըստ այդմ էլ կտրվեն լուծումներ:
-Ի վերջո, ե՞րբ է գալու այդ ժամանակաշրջանը, որ խնդիրները նվազեն:
-Հիմա մենք մեր ծրագրերը կազմում ենք, որը շատ բարենպաստ միջավայր կստեղծի գյուղատնտեսության մեջ, դրանից հետո կտեսնենք, թե ինչպես է գյուղատնտեսության ոլորտն իրեն զգում, եւ ինչ խնդիրներ են մնում բաց, եւ ըստ այդմ էլ ծրագրերը կմշակենք: Բայց միշտ էլ կլինեն խնդիրներ, ուղղակի միշտ պետք է մոնիտորինգ անել եւ խնդիրների լուծումներին համապատասխան ծրագրեր մշակել:
-Երբ գյուղացիները սկսում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել գյուղմթերքի իրացման պատճառով, կառավարությունը խոստանում է հանձնարարել «Սպայկա» ընկերությանը՝ լուծել խնդիրը: «Սպայկա» ընկերությունը դարձել է բողոքներից ապահովագրվելու միջո՞ց:
-Ո՛չ, մենք «Սպայկա»-ին չենք պարտադրում, ուղղակի կա խոշոր ընկերություն, որը ինքը դիտարկում է շուկան եւ նայում, որ եթե կա որակով ապրանք եւ համապատասխան գին, ինքը ապրանք է գնում, տանում: Շատ ժամանակ լինում է, որ «Սպայկա»-ին հետաքրքիր չէ, բայց կա ապրանք, եւ մենք ուղղակի փորձում ենք կապել այդ երկու օղակն իրար հետ, այսինքն՝ այնպես չէ, որ ասում ենք «Սպայկա»-ն միակն է, որ կարող է դա անել: Ցանկացած ընկերություն կարող է արտահանել, հարցը հետեւյալն է՝ ապրանքը լավն է, գինը լավն է, հետաքրքի՞ր է որեւիցե մեկին, որ տանեն, թե ոչ:
-Շատ մեծահարուստ պաշտոնյաներ սկսել են զբաղվել նաեւ գյուղմթերքի արտադրությամբ: Նրանք իրացնելու ժամանակ զանգում են սուպերմարկետներ ունեցող իրենց ընկերներին ու խնդրում վերցնել իրենց ապրանքը, իսկ գյուղացու բերքը մնում է եւ փչանում: Սա խնդի՞ր չէ:
-Առաջինը գյուղնախարարությունը չի որոշում շուկայում առեւտրային հարաբերությունները երկու տնտեսության միջեւ: Երկրորդը՝ եթե չի բավարարում շուկան գյուղամթերքի ապրանքն իրացնելու համար, ուրեմն պետք է ստեղծել համապատասխան հարթակներ, որտեղ գյուղացին կգա, իր ապրանքը կիրացնի: Իմ կարծիքով՝ այսօր կան այդ հարթակները, ուրիշ բան այդ հարթակներն արդյունավե՞տ են աշխատում, թե՞ ոչ:
Կան կենտրոններ, որոնք դատարկ են այսօր, դրանք չեն օգտագործվում: Հիմա թե այստեղ ով ում հետ ոնց է պայմանավորվում, դա գյուղնախարարության մեղքը չէ իմ կարծիքով, դա արդեն հարց է, թե երկու սուբյեկտները միմյանց հետո ոնց կպայմանավորվեն:
-Բայց գյուղնախարարությունը գյուղացու կողքին պետք է կանգնի, չէ՞, այս դեպքում:
-Ի՞նչ անենք, գյուղացու ապրանքը վաճառե՞նք:
-Ինչու ոչ, պետք է օգնեք նման դեպքերում: Միշտ հայտարարվում է, որ պետք է զարգացնենք գյուղատնտեսությունը, մարդկանց կոչ է արվում զբաղվել գյուղատնտեսությամբ: Ի՞նչ պետք է անեք դուք:
-Գյուղնախարարությունը մշակում է ռազմավարություն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա: Իսկ գյուղացու արտադրանքը պետք է վաճառի գյուղացին, ոչ թե գյուղնախարարույթունը: Կան բոլոր իրացման տեղերը, իրենք կարող են դիմել իրենց տարածքային կառավարման մարմիններին եւ հասկանալ, թե որտեղ կարող են իրացնել: Մենք օգնող նախարարություն չենք, մենք ռազմավարություն մշակող նախարարություն ենք:
-Ի՞նչ ռազմավարություն եք մշակել, որ գյուղացիները նման խնդիրներ չունենան:
-Դուք կտեսնեք, երբ որ մենք ծրագրերը ներկայացնենք:
-Վարչապետը նշել է, որ փոփոխությունները պետք է հասնեն մի կրիտիկական կետի, որ նոր հասարակությունը զգա փոփոխությունների արդյունքը: Ձեր ոլորտում ե՞րբ կրիտիկական պահը կհասունանա:
-Մենք գյուղտեխնիկայի ծրագիրն արել ենք, երեք ամսվա ընթացքում իմ կարծիքով հասարակությունը զգում է, որ նոր ծրագիր կա երկրում: Հիմա ըստ այդմ էլ ինչքան ծրագիր կհաստատենք այս տարի, ծրագիրը մեկնարկելիս երեք ամսվա ընթացքում հասարակությունը կզգա, որ կա նոր ծրագիր, ու տենց շարունակ:
-Կառավարությունը առաջիկայում ԱԺ-ին կներկայացնի իր նոր ծրագիրը: Դրանում ի՞նչ նորամուծություններ կլինեն:
-Հիմնական ուղղությունը լինելու են արդիական տեխնոլոգիաներ, կաթիլային, հակակարկտային ցանցեր եւ սուբսիդավորվող վարկեր:
Վահագն Հակոբյան