Մամուլում լուրեր էին տարածվել, որ երեկ ժամը 03:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ իր ծանոթ Վարդան Վարդանյանը, ով Ալափարս համայնքի ղեկավարէ, իրեն ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է Ալափարս համայնքի ղեկավար Վարդան Վարդանյանի հետ: Վերջինիս նշեց, որ նրանք հին ծանոթներ են. «Մի քիչ փող էի վերցրել իրենից՝ չերեզներով, էդ օրը զանգեց, ուզեց: Ասեցի կտամ, չհամաձայնեց, ասեց հիմա տուր: Գնացի, ասեցի, որ չկա, ամսվա վերջին աշխատավարձ կստանամ կտամ: Եկանք Ջրվեժ, հարձակվեց դեմքիս վրա, սկսեց ճանկռել: Ես էլ պաշտպանվում էի»:
Ըստ նրա՝ այդ պահին ոստիկանները անցնելիս են եղել, և կինը, դիմելով ոստիկաններին, նրանց հետ գնացել է Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունք և իր դեմ բողոք է ներկայացրել:
Նշենք, որ կնոջ հետ չկարողացանք կապ հաստատել, իսկ գյուղապետը հայտնեց, որ վերջինս գնացել է ոստիկանություն բողոքը հետ վերցնելու:
Իսկ, թե որքանով է դա հավաստի, կփորձենք պարզել:
Լիդա Եղիազարյան