«Փաստ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանը խորհրդարանի վերջին ընտրություններում չէր առաջադրվել ու սատարում էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարզի ՀՀԿ թեկնածուներին, բացի Նահապետ Գևորգյանից՝ Նովոյից: Իսկ ամենաշատը Ռուստամ Գասպարյանը սատարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին՝ ՄԱՊ–ի Ալիկին, որը չանցավ խորհրդարան: «Սև հովազ» ազատամարտիկների միության նախագահը, ով ոչ վաղ անցյալում Ազատամարտիկների դաշինքի անդամ էր, այլևս չի հավատում ընդդիմությանն ու պայքարին:
– Պարոն Գասպարյան, մամուլում տեղեկություն կար, որ ՀՀԿ–ականներին սատարելու դիմաց Ձեզ հնարավոր է Արմավիրի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի պաշտոն տան ընտրություններից հետո:
– Փոխքաղաքապե՞տ, ես սկի քաղաքապետ չեմ ուզում, ուր մնաց՝ փոխքաղաքապետ ուզեմ: Քանի որ Ալիկը մշտապես աջակցել է մեր ազատամարտիկներին, օգնել եմ, նաև Սեյրանին, Շմայսին եմ օգնել, ում ինչքան կարացել եմ: Ես հիմա զբաղվում եմ իմ «Սև հովազ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունով, ստեղծել եմ, ինչպես գիտեք, կամավորներից պայմանագրային գումարտակ, ծառայություն եմ կատարում Ղարաբաղի սահմաններում, ես էլ իրանց հետ գնում եմ, գալիս եմ:
– Ձեզ Արմավիրի քաղաքապետի պաշտո՞ն է առաջարկվել, և Դուք հրաժարվե՞լ եք:
– Ինձ չեն առաջարկել ոչ մի բան, ոչ էլ ես հրաժարվել եմ կամ էլ ցանկություն եմ հայտնել: Եթե կզգան ինչ–որ տեղ, ինչ–որ ձևով ես կարամ օգտակար լինեմ, մեր ժողովրդին, մեր երկրին, պատրաստ եմ օգտակար լինել:
– Ձեր պաշտպանած Ալիկ Պետրոսյանը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել: Նշանակո՞ւմ է, որ Դուք այնքան էլ լավ չեք պաշտպանել իրեն:
– Ես ինչքան կարողացել եմ՝ օգնել եմ, ու ոչ միայն իրան, իսկ որ անցավ, թե չանցավ, դա արդեն իմ խնդիրը չի: Օգնել եմ մեր տղաներին իր արած բարեգործությունների համար, ես էլ փորձել եմ ձայներով հատուցել:
– Պարոն Գասպարյան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երեկ դուրս եկավ բանտից ու անցավ ակտիվ պայքարի, նստացույց է անում կառավարության դիմաց: Չե՞ք կարծում, որ մյուս ազատամարտիկները՝ նաև Ձեր ջոկատի, ևս պետք է ավելի ակտիվ լինեն ու դուրս գան պայքարի:
– Ինչի՞ համար: Իմ ազատամարտիկները հիմա դիրքերում են, պահում են երկրի սահմանները, ավելի կարևոր հարցերով են զբաղված, քան թե ստեղ սութի– մութի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով:
– Ասել է թե՝ կարծում եք, Վոլոդյա Ավետիսյանի ակցիան «սուտի–մուտի դրոշակ ծեծե՞լ է»:
– Ես լուրջ բան որևիցե մեկի կողմից որևիցե մի տեղ չեմ տեսնում:
– Այսինքն՝ Ձեր ջոկատը չի միանա, չի մասնակցի իր ակցիային:
– Իմ ջոկատը էսօր պայմանագրային ծառայության ա անցել, քաղաքական ոչ մի առումներով ոչ մի տեղ չի մասնակցում:
– Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ երկիրը դատարկվում է հենց քաղաքական գործունեության արդյունքում, ոչ միայն՝ պատերազմի վտանգի: Այդտեղ Դուք և Ձեր ազատամարտիկները անելիք չունե՞ք:
– Իմ ազատամարտիկների անելիքը քաղաքական ոչ մի բան է: Իրենք պահում են մեր երկրի սահմանները: Որևիցե ձևով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ:
– Քաղաքական պայքա՞րն է սուտ:
– Իհարկե: Բոլորն էլ իրանց շահերն են հետապնդում, ու վերջում էն ներքևի տղաները մնում են կոտրած տաշտակի առջև:
– Բոլորը ասելով ո՞ւմ նկատի ունեք:
– Բոլորը, ովքեր էսօր սուտի ընդդիմություն են խաղում:
– Դա՞ էր պատճառը, որ Դուք գերադասեցիք անցնել իշխանության կողմը:
– Ես պետության կողքին եմ, մեր երկրի կողքին եմ, մեր սահմանների կողքին եմ:
– Դուք կարող էիք սահմանների պաշտպանությամբ զբաղվել նաև ընդդիմության շարքերում, ինչպես մյուսները: Պայմանագրային ծառայության բոլորն էլ կարող են գնալ:
– Չէի կարող: Իսկ պայմանագրային ծառայության, ցավոք, չեն գնում, էսօր սահմանները դատարկվում են, քանի որ զինակոչի թիվը շատ քիչ է, կամավոր տղաներ են պետք ու ցավոք, չկան:
– Պարոն Գասպարյան, Դուք Սեյրան Օհանյանի հետ ուզում էիք ազատամարտիկների միություն ստեղծել, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստեղծեցիք:
– Նման բան չի եղել, ոչ էլ ուզել եմ միություն ստեղծել, ուղղակի ապրիլի դեպքերից հետո առաջարկեցինք Օհանյանին, որ ստեղծվի մի կառույց, որ ազատամարտիկները համախմբված լինեին և նման դեպքերի ժամանակ նախարարության հրամանով ու կոորդինացմամբ միանգամից դուրս գային ճակատ: Դրանից հետո Օհանյանին հանեցին պաշտոնից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: