«Հայֆիլմ» կինոստուդիան վերածվել է «խոզանոցի». այն մի անգամ արդեն վաճառվել է, ո՞ւր են գնացել գումարները. Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք այլ հիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ: Վերջինիս խոսքով՝  «Հայֆիլմ» կինոստուդիան արդեն մեկ անգամ վաճառվել է մեծ խոստումներով. «Ես դեմ չեմ սեփականաշնորհմանը, եթե կոնկրետ պայմանագրում նշված լինեն պայմանները՝ ինչ է լինելու, ինչպես է օգտագործվելու: Այն ժամանակ, երբ վճառում էին «ՀայՖիլմ»-ը, տարբեր խոստումներ էին տրվում, որ հոլիվուդյան ֆիլմեր այստեղ կնկարահանվեն, որ սա կդառնա մեծ բազա տարածաշրջանում, իսկ իրականում կիսաքանդ եղած կինոստուդիան ամբողջովին քանդվեց»:

Ըստ Բաբայանի, եթե այս պահին այնտեղ գնանք, ականատես կլինենք «խոզանոցի»:

«Ես բացարձակապես կողմնակիցը չեմ նրան, որ պետությունը պահում է որևէ կարևոր օբյեկտ. դա սովետական մտածողություն է: Կարևորը մրցույթը լինի բաց, որպեսզի տեսնենք, թե ինչքանով է այն իրական և արդարացված: Ես կցանկանայի, որ հիմա ջրի երես բերվեր այն պայմանագիրը, որով  ժամանակին վաճառվել է, հասկանանք` ո՞ւր են գնացել այդ գումարները, ընդհանրապես գումար եղե՞լ է, թե՞ ոչ. որ մասն է եղել օրինական, որ մասն են տակից տվել ինչ-որ մեկի»,- ընդգծեց նա:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս