Վարդան Հարությունյանը` «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ համակարգում կրճատումներ են իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, փոխանցում է «Արմենպրեսս»-ը:

«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես ժամանակի հետ քայլելու խնդիր կա»,- նշեց նա:

Հարցին, թե հունվարից սկսած որքա՞ն աշխատող է կրճատվել, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ կառուցվածքային փոփոխությունները դեռ նոր են սկսվել, հետևաբար այս մասին թվեր չի կարող ներկայացնել:

Հարցին, թե խոսվում է այն մասին, որ Վարդան Հարությունյանը պատրաստվում է իր մարդկանց բերել համակարգ, նա պատասխանեց, որ նման բան չկա: «Իմ գալուց խոսում էին այն մասին, որ գազի համակարգի աշխատողներին բերելու եմ ՊԵԿ համակարգ: Ինքներդ տեսաք, որ նման բան չկա»,-ավելացրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց, որ օրենքի խախտում է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի: «Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր անհրաժեշտ է աշխատել պահանջներին համապատասխան: Որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, այդ դեպքում, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ երևույթներ»,- ասաց նա:




Լրահոս