Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված:

«Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ ձևավորվող ձեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու Արցախի հետ կապերի ամրապնդման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևս պատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը վարչապետին է ներկայացրել այցի մանրամասները: Նա նշել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարության առաջարկով՝ կադրերի պատրաստման երկարատև և կայուն համագործակցություն են սկսում ընկերության հետ, որը կամրագրվի համատեղ հուշագրի ստորագրմամբ: «Շատ ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում Արցախի հետ մեր համագործակցության ամրապնդման գործում:

Համոզված եմ՝ այն նոր շարունակություն է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերում մեր գիտական ներուժի օգտագործման առումով»,- նշել է Ո. Մարուխյանը: Այնուհետև, վարչապետի ներկայությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը: Հանդիպման ընթացքում վարչապետ Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:




Լրահոս