Մամուլում լուրեր էին տարածվել, որ օրերս ժամը 03:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ իր ծանոթ Վարդան Վարդանյանը, ով Ալափարս համայնքի ղեկավարն է, իրեն ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է տուժող կողմ հանդիսացող Լուսինե Ծատուրայնի հետ: Վերջինս պատմեց, որ Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանն ու նրա կինը իրենից գումար են խնդրել` իրենց որդու նշանադրության համար:
«Երկու տղաներս համալսարանի ուսանողներ են, վարձավճարի ժամանակ էր, ես խնդրեցի, որ իմ գումարը վերադարձնեն: Ասեց` կբերեմ: Գնացի, որ գումարը վերցնեմ, ասեց` նստի մեքենան, կխոսանք, գումարն էլ կտամ, հետո ասեց արի գնանք ռեստորան մի կտոր հաց ուտենք, նոր գումարդ կտամ, ասեցի` չէ, ես հազար գործ ունեմ, իմ գումարը տուր, գնամ, մինչև հասանք Ջրվեժ»,- հայտնեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ երկար բանակցություններից հետո էլ, միևնույնն է գյուղապետն իրեն հանգիստ չի թողել և շարունակել է գումարը չտալ. «Ու սկսվում է քաշքշուկը: Այդ պահին տեսնում եմ` ոստիկանության մեքենա, կանգնացնում եմ ու գնում եմ նրանց հետ բաժին` ցուցմունք տալու»:
Հիեցնենք, որ երեկ Ալափարս համայնքի ղեկավար Վարդան Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ կինն իր բողոքը հետ է վերցրել, մինչդեռ Լուսինե Ծատուրյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ բողոքը հետ չի վերցրել և քննությունը շարունակվում է:
Լիդա Եղիազարյան