Ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ Սերժ Սարգսյանի այցը ՀՀ պաշտապանության նախարարություն պատահական չի եղել: Այցից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Սամվել Ղուկասյանը, եւ մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարությունում սպասվում են բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումներ:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին նախագահական նստավայրը տարածել էր հաղորդագրություն, թե ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Իսկ թե կոնկրետ ինչ հանդիպման մասին էր խոսքը, եւ, առհասարակ, ինչ քննարկում է իրականացրել Սերժ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, հաղորդագրության մեջ բառ անգամ չկար:
Գրել էինք, որ չի բացառվում՝ հանդիպումը կապված է եղել Ղարաբաղյան խնդրի զարգացումների հետ: Ի վերջո, հիշում եք՝ միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Սակայն չմոռանանք ամենացավալի երեույթին մասին, որը, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը չի շրջանցել, խոսքը բանակում զինվորների միջեւ տեղի ունեցած տարաձայնությունների մասին է, որի արդյունքում զոհեր են լինում: Ճիշտ է՝ այդ դեպքերով կալանավորվում են ծառայակից ընկերները, բայց երեւույթը հնարավոր չի լինում արմատախիլ անել բանակից:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեւական ժամանակ էր, ինչ խոսակցություններն էին պտտվում, որ ՀՀ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը չի շարունակի պաշտոնավարել: Ասել է, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ՌՈ արդեն նախկին պետի ջրերը երկար ժամանակ է՝ մեկ առվով չէին հոսում, սակայն, ըստ էության, ՊՆ-ում սպասել են Սերժ Սարգսյանի այցին, որպեսզի վերջնական լուծում տան Սամվել Ղուկասյանի պաշտոնավարման հարցին, ինչն էլ եւ տեղի ունեցավ:
Բայց ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ ՊՆ-ում առաջիկայում նոր պաշտոնանկություններ են սպասվում: Նախարարությունում խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվեն մի քանի վարչության պետեր, անգամ գլխավոր շտաբի պետի տեղեկալներից մի քանիսը, իսկ թե կոնկրետ ովքեր, առայժմ «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց:
Հավելենք նաեւ, որ բանակում տեղի ունեցած միջադեպերի հետքերով մինչ իրավապահ մարմինները քննություն են տանում, ՊՆ էլ իր հերթին է ծառայողական քննություն նշանակել տեղի ունեցած դեպքերի պատասխանատուներին պատժելու նպատակով: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ծառայողական քննությունների արդյունքում արձանագրված դեպքերով ՊՆ, ինչպես նաեւ ՊԲ զորամասի որոշ հրամանատարներ, տեղակալներ, ինչպես նաեւ գումարտակի հրամանատար եւ տեղակալներ ենթարկվել են խիստ նկատողության: Բայց գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ ծառայողական քննությունը շարուկանվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք՝ որոշ հրամանատարներ կազատվեն պաշտոնից:
Իհարկե, համակարգի ինքնամաքրումը խրախուսելի է: Բայց առավել կարեւոր է, թե ինչի հետեւանք են այդ քրեորեն պատժելի դրսեւորումները, որոնք, ցավոք, հաճախ հանգեցնում են երիտասարդ զինծառայողների մահվան: Արդյոք ժամանակին իրավիճակի չտիրապետելու, անտեղյակության, անպատասխանատվության հետեւանք չեն տեղի ունեցող դեպքերը: Եւ արդյո՞ք այդ անպատասխանատվությունն ու իրավիճակից անտեղյակությունը կառավարող բուրգով վերեւ չի բարձրանում՝ հասնելով բարձունքին: Ու եթե այդպես է, ինչու են պատժվում «մանրերը»: Սրանք հարցեր են, որոնք պատասխանի խիստ կարիք ունեն:
Քնար Մանուկյան