Ինչի կարող է հանգեցնել պետական ընկերությունների մասնավորեցումը. մանրամասնում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո′ն Առաքելյան, ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ 47 պետական ընկերությունների մասնավորեցման մասին ծրագիրը: Ի՞նչ կասեք այս մասով:

-Այս որոշումը, որն իր մեջ ներառում է մոտ 50 ձեռնարկություններ, ճիշտ կլինի երկու մասի բաժանել, քանի որ պետական գույքի մասնավորեցման ծրագրով մասնավորեցման են դիմել որոշ գույքեր, որոնք հետագա շահագործման համար պիտանի չեն, այսինքն` ուղղակի անշարժ գույք են, որոնք խորհրդային միությունից ժառանգություն ենք ստացել:

Սակայն այդ ցանկում կան ձեռնարկություններ, որոնք ոչ միայն գործունեություն են ծավալում, այլև երկրի, կոնկրետ ոլորտի համար ունեն ռազմավարական նշանակություն, մասնավորապես մի շարք բուժհաստատություններ: Դրանք դիտարկել պետական գույքի մասնավորեցման ծրագրի շրջանակներում, կարծում եմ, նպատակահարմար չէ: Դրանք հնարավոր գնորդի կողմից կարող են դիտարկվել ընդամենը որպես գույք և որոշ դեպքերում այսօրվա ֆունկցիոնալ նպատակով չօգտագործվեն, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

-Ձեր կարծիքով այն իր նպատակին կօգտագործվի՞: Մտահոգություններ կան, որ, օրինակ, այդ տարածքներում ռեստորաններ, ակումբներ կկառուցվեն…

-Մասնավորեցման նշած մոդելն այդքան էլ ճիշտ չէ: Իհարկե, հասկանալի է, որ պետությունը այդ հիվանդանոցների մասով պետք է լուրջ ներդրումներ իրականացնի, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից սարքավորումներով որակյալ բուժսպասարկում անցկացնել. խոսքը նաև մյուս ձեռնարկությունների մասին է, սակայն ճիշտ կլիներ կիրառել պետություն-մասնավոր համագործակցություն մոդելը, և բաժնետոմսերը շարունկակվեն մնալ պետությանը, իսկ կառավարումը հանձնվի մասնավորին: Պետությունն էլ, ունենալով բաժնետոմսերի միջոցով կառավարման հնարավորություն, թույլ չի տալիս, որպեսզի այդ ձեռնարկությունները այլ նպատակի օգտագործվեն:

-Պարո′ն Առաքելյան, Ձեր կարծիքով ի՞նչը նպաստեց նման որոշման հանգելուն:

-Ունենք բյուջետային մուտքերի համալրման խնդիր: Վերջին տարիներին անընդհատ նկատում ենք բյուջեի դիֆիցիտի զգալի աճ, կառավարությունը նաև փորձում է կարճաժամկետ գործիքների միջոցով ավելացնել բյուջեի եկամուտները, և այդ ձեռնարկությունների օտարումը միտված է ա′յդ նպատակին:

Արփինե Թովմասյան




Լրահոս