ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ առողջպահության նախարարության՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, «Վնասքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն և «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, ինչպես նաև մի շարք այլ հիմնարկներ:
Հավելենք, որ մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե:
Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ: Վերջինս նշեց, որ կարևոր չէ, թե շենքերը ում են պատկանում, կարևորը շենքերում տեղակայված ծառայություններն են:
«Մենք ունենք մասնավորեցված բուժհիմնարկներ, որոնք բվականին լավ են իրենց նպատակին ծառայում, օրինակ, Էրեբունի ԲԿ-ն, Նաիրի ԲԿ-ն, Աստղիկ ԲԿ-ն և այլն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ բուժօգնություն մատուցողների թիվը Հայաստանում շատ է. հիվանդը լավագույն մակարդակի բուժօգնություն կստանա. «Մենք խորհրդային միությունից ստացել ենք բուժհիմնարկներից ծանր բեռ, որը այսօր ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացին չեն կարողանում պահել: Եվ թող մի երկուսն էլ դառնան կա՛մ կլաբ, կա՛մ պահեստ, կա՛մ ընդհանրապես քանդեն վերացնեն, պետք չէ դրանից սարսափել»:
Լիդա Եղիազարյան