«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը դեռեւս չի քննարկել՝ արդյո՞ք Կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, թե դեմ: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Ո՞րն է դաշինքի համար ընդդիմություն լինելու չափանիշը, այն, որ դաշինքի անդամները հայտարարում են՝ եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք, թե այլ պատկերացումներ եւս կան. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր ցանկությո՞ւնն էր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը, թե՞ դաշինքն է այդպես որոշել:
-Կարող էի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրվել, բայց ես ավելի շատ նպատակահարմար գտա այս հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվել: Ես երկար ժամանակ աշխատել եմ մեր մարզպետարանում որպես բաժնի վարիչ, քաղաքապետարանում որպես բաժնի վարիչ, երկար ժամանակ եղել եմ այս ոլորտում:
-Այնուամենայնիվ, տեսակետներ հնչեցին, որ Դուք ավելի արդյունավետ կարող էիք ղեկավարել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ որպես նախկին ռեկտոր: Ի՞նչ կասեք:
-Բայց կրթությունը միայն բուհական համակարգով չի սահմանափակվում: Կրթությունը ավելի լայն դաշտ է՝ կրթություն, հանրակրթություն, ավագ դպրոցներ, հետբուհական կրթություն, չգիտեմ՝ ավելի մեծ ոլորտ է ընդգրկում:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը Գյումրու ավագանու նիստերին: Մինչեւ ե՞րբ եք շարունակելու բոյկոտել նիստերը:
-Փաստորեն հրաժարվելու եմ Գյումրու ավագանու կարգավիճակից, որովհետեւ մի խորհրդի անդամ կարող եմ լինել: Եւ ասեմ, որ մենք հասարակությանն իրազեկել ենք, որ կդիմենք Սահմանադրական դատարան, ՍԴ-ի որոշումից հետո երեք կուսակցությունները կհավաքվեն, կքննարկեն եւ ընդունված որոշման մասին կիրազեկեն հասարակությանը: ՍԴ-ն մարտ ամսվա մեջ որոշում կայացրեց, որ Գյումրիում ընտրությունները կատարվել են օրենքի սահմաններում: Այսինքն՝ որոշումը թողեցին նույնը: Քննարկել ենք մենք, ամեն կուսակցություն ստացել է ազատություն, նախկին հայտարարությունից հետո իրենց գործունեությունը կազմակերպելու համար: Հիմա մենք էլ առաջիկա օրերին կհայտարարենք, թե ինչպես ենք տեսնում մեր հետագա աշխատանքը Գյումրու ավագանու նիստերին:
-Շուտով Կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը: Ձեր խմբակցությունը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ:
-Թող դեռ բերեն, ներկայացնեն, դրանից հետո կորոշենք: Խմբակցությունում քննարկում չի եղել: Տեսնենք ծրագիրը, նոր, ըստ այդմ, որոշենք: Քվեարկությունը ինքնանպատակ չպետք է լինի, քվեարկությունը պետք է լինի նպատակային: Մեր որոշման մասին անպայման կիրազեկենք հանրությանը:
–Օրինակ՝ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ չի բացառվում՝ իրենք կողմ քվեարկեն:
-Դե, իհարկե, դա ինքնանպատակ չպետք է լինի: Եթե ընդդիմություն ես, ուրեմն ամեն ինչին դե՞մ ես քվեարկում: Պետք է լինի նպատակային: Այսինքն՝ կլսենք ներկայացված ծրագիրը, քննարկում կլինի ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ խմբակցությունում: Խմբակցությունը քննարկման արդյունքում որոշում կկայացնի, իսկ խմբակցության որոշման մասին կհայտարարվի:
-«Ելք» դաշինքը հակաօրինական է համարում նաեւ վարչապետի վերանշանակումը: Դաշինքի անդամների պնդմամբ՝ ըստ օրենքի՝ առանց ընդդիմության հետ քննարկման նախագահը չպետք է վարչապետ նշանակեր: Համամի՞տ եք:
-Իհարկե, ես տեղյակ չեմ՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ քննարկվել է, թե ոչ: Եթե օրենքը պահանջում է, որ պետք է քննարկվի եւ եթե չի քննարկվել, ապա օրենքի խախտում է: Բայց ես չեմ կարող ասել՝ մեր դաշինքի հետ քննարկվել է, թե ոչ:
-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ չի քննարկվել, որովհետեւ այդ ժամանակ խմբակցությունները դեռ կազմավորված չեն եղել: Սա ըստ Ձեզ՝ ընդունելի պատճառաբանությո՞ւն է:
-Դե, հիմա, այ, այդտեղ արդեն իրավական փաստն է հարկավոր, որ եթե չեն կազմավորվել՝ իրավու՞նք կար վարչապետին վերանշանակել:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր դաշինքի անդամներին երբ հարցնում են՝ ընդդիմություն եք, թե ոչ, ասում են՝ եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք: Մի՞թե սա է դաշինքի՝ ընդդիմության մասին պատկերացումը:
-Իհարկե, դա էլ հարցի պատասխան է, բայց որ բազմիցս հայտարարվել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն է, միանշանակ: Ընդդիմության պատկերացումը ինչպես է, որ անպայման պետք է հայհոյի՞, եթե վաղը իշխանությունը բերում է օրենքի նախագծեր, որ նվազագույն աշխատավարձը հասցնելու է 80 հազարի, մեր այն առաջնահերթ 15 կետերի իրագործմանը միտված նախագծեր կամ կենսաթոշակը ավելացնելու է, հասցնելու է բարձր աստիճանի:
-Ընդդիմությունը մշտապես պահանջել է իշխանության հրաժարականը, Դուք պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Եթե դրա անհրաժեշտությունը եղավ, իհարկե:
–Իսկ ի՞նչ եք կարծում՝ հիմա կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ:
-ԱԺ-ն նոր ձեւավորվել է, Կառավարություն է ձեւավորվում, նոր ծրագիր է: Գիտեք, այդ ամեն ինչն ինքնանպատակ չպետք է լինի: Բերելու են նոր ծրագիր, եթե այդ ծրագիրը չհամապատասխանի այն պահանջներին, որ այսօր դրված է հասարակության կողմից, իհարկե, մենք դեմ կլինենք:
-Եւ վերջում, դաշինքում խաղաղվե՞ց իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
-Դաշինքում չեմ կարծում, որ փոթորիկ է եղել: Միշտ էլ հանգիստ է եղել: Առաջին նիստերն էլ ցույց տվեցին, որ ամեն ինչ հանգիստ է, եւ հետագա գործունեությունն էլ կծավալվի հանգիստ եւ արդյունավետ:
Վահագն Հակոբյան