ՖՈՏՈ. Ամուսինս ասում է` հենց թոշակառու դառնանք` կտեղափոխվենք Հայաստան. Արևիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը տեւական ժամանակ է` բնակվում է Ֆրանսիայում: Նա ամուսնությունից հետո, կարծես, հեռացավ երգարվեստից, իսկ որդու ծնունդից հետո արդեն ամբողջովին տրվեց ընտանեկան կյանքին: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` սպասե՞նք, արդյոք, երգչուհու վերադարձին շոու-բիզնես, նաեւ Հայաստան: Մենք զրուցել ենք այն մասին, թե ինչ գտավ եւ ինչ կորցրեց Արեւիկը օտար ափերում:

-Արեւի՛կ, նախ հետաքրքիր է` այժմ Փարիզում երգարվեստով զբաղվո՞ւմ եք: Ոլորտի հետ առնչություններ ունե՞ք:

-Ո՛չ, այստեղ երգարվեստով դեռ չեմ զբաղվում, բայց եթե հավաքական համերգների մասնակցելու հետաքրքիր առաջարկներ լինեն, կընդունեմ դրանք: Թեպետ նոր երգ, տեսահոլովակ ներկայացնելու մտադրություն ունեմ: Իհարկե, դա չի նշանակի վերադարձ բեմ:

-Ձեր քրոջ` երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն կա՞:

-Մի ժամանակ շատ նման ծրագրեր կային, բայց ամուսնությունից հետո ստեղծագործական դադար վերցրեցի, եւ արդեն բավական ժամանակ է` ոչինչ չեմ արել: Ամեն դեպքում, եթե աշխատեմ, ապա դա դեռ կանեմ միայնակ:

-Իսկ հեռվից հետեւո՞ւմ եք մեր երգարվեստի ներկայացուցիչներին. ի՞նչն է ոգեւորում եւ ի՞նչն է հիասթափեցնում Ձեզ նրանց աշխատանքում:

-Այո’, հետեւում եմ. կա Ձեր նշած ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ միտումը: Շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնցից փորձում եմ վերցնել այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինչը ոճային առումով իմն է: Այստեղ կարոտն ավելի է դրդում մոտ լինել հայկականին:

-Իսկ նորաձեւության աշխարհում քայլեր անելու մտադրություն ունե՞ք: Որքանով հիշում եմ` նախկինում նման ծրագրեր ունեիք:

-Այդ ուղղությամբ ուժերս փորձեցի, բայց ճանապարհի կեսից հասկացա, որ անիմաստ եմ ջանքեր ներդնում, քանի որ այստեղ` Փարիզում, հագուստ կարելը չափազանց թանկ հաճույք է, եւ, բնականաբար, շատ քչերը կարող են իրենց նման բան թույլ տալ: Իսկ ահա Հայաստանում ավելի հեշտ է մուտք գործել նորաձեւության ոլորտ. ինչպես տեսնում ենք, Երեւանում այսօր շատ մոդելավորողներ կան: Եթե ապրեի Երեւանում, վաղուց խանութ-սրահ կունենայի:

-Հայաստան վերադառնալու, հայրենիքում ապրելու մտադրություն ունե՞ք:

-Ո՛չ, ես հաճախակի եմ լինում Հայաստանում, բայց ծրագրում ենք առաջիկայում էլ Ֆրանսիայում ապրել: Ամուսինս միշտ ասում է` հենց թոշակառու դառնանք, կտեղափոխվենք Հայաստան (ժպտում է):

-Իսկ հայ համայնքի հետ Ձեր կապերը սե՞րտ են:

-Այստեղ շատ հայ ընկերներ, լայն շրջապատ ունենք: Նրանց հետ կարծես մոռանում ենք, որ Հայաստանում չենք: Նաեւ ամուսնուս ընտանիքի շնորհիվ է, որ ինձ օտարության մեջ չեմ զգում:

Եվրոպայում կա՞ մի հանգամանք, որի հետ դժվարությամբ եք համակերպվում:

-Դժվարանում եմ ասել. դե, ամենաբարդը հենց ընտանիքից հեռու լինելն է: Դրա հետ երբեք էլ չի ստացվի համակերպվել: Հայրենիքում թողեցի նաեւ ընկերներիս, կենսակերպը, որը վարում էի… Բայց, ամեն դեպքում, Ֆրանսիան էլ եմ սիրում. այն իմ երկրորդ տունն է:

-Որքանով տեղյակ եմ` Ձեր փոքրիկ որդուն մեծ մասամբ միայնակ եք խնամում: Դժվար չէ՞:

-Այո՛, չնայած ամուսնուս աշխատանքային զբաղվածությունը մեծ է, եւ ես եմ երեխային խնամում, օրը 24 ժամ նրա կողքին եմ, բայց ամեն րոպե վայելում եմ որդուս, սիրահարված եմ նրան: Նա Աստծո իսկական պարգեւ է: Համոզված եմ, որ ոչ մի կին չի կարող բառերով նկարագրել երեխայի ծնունդի հետ կապված զգացողությունները: Որքան էլ փորձենք, չի ստացվի:

-Արեւի՛կ, իսկ, այնուամենայնիվ, ունե՞ք չիրականացած մի երազանք, որն անպայման ուզում եք կյանքի կոչել:

-Կիսատ մնացած ծրագրեր շատ կան: Ինչպես նշեցի, ամուսնությունից եւ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո կյանքս փոխվել է, ինքս շատ եմ փոխվել: Ամեն դեպքում, առաջ եմ նայում եւ երջանիկ եմ, չեմ կարծում, որ ինչ-որ բան եմ կորցրել կամ կիսատ թողել. հակառակը` ձեռք եմ բերել: Իսկ երգարվեստով զբաղվելու հնարավորություն միշտ էլ կլինի, թեկուզ իմ հաճույքի համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս