Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքը թերեւս ամենից նպաստավորն էր թե՛ Իրանի, թե՛ արեւմուտքի, թե՛ տարածաշրջանի համար: Ռեֆորմիստների թեկնածու Հասան Ռոհանիի հաղթանակը նշանակում է, որ առաջիկա 4 տարիներին Իրանում կշարունակվեն կենսական վերափոխումները` չդանդաղեցնելով երկրի զարգացման տեմպերը: Ռոհանիի հաղթանակն առաջին հերթին մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, եւ Հայաստանն այս առումով շահեկան դիրքերում է:
Անշուշտ, ինչպիսին էլ լինի նախագահի պաշտոնի սահմանադրական լիազորությունների շրջանակը, դրա ֆունկցիոնալիզացիան կապված է նախագահի անձնական հատկանիշների ու ունակությունների հետ: Եվ եթե նախորդ նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանի եւ արեւմուտքի հարաբերությունները չափազանց լարված էին, եւ նույնիսկ ինչ-որ մի պահի Իրաքի պատերազմից հետո իրական էր թվում ամերիկյան նոր հարձակումն Իրանի նկատմամբ, ապա Հասան Ռոհանիի նախագահության շրջանում իրավիճակը անհամեմատելի է:
Նախ՝ 2015թ. արեւմուտքի եւ Իրանի միջեւ կնքվեց Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը, որով լարվածությունը երկու կենտրոնների միջեւ մեծապես թուլացավ: Եվ այդպիսի արդյունքը մասամբ պայմանավորված էր նաեւ Ռոհանիի անձով, որը ասես յուրօրինակ միջնորդ դարձավ արեւմուտքի ու Իրանի իսլամական պահպանողական շրջանակների միջեւ:
Ռոհանիին հաջողվեց համոզել արեւմտյան երկրներին եւ իր պետության ներսում իրական իշխանությամբ օժտված Պահապան խորհդին ու Իրանի գերագույն առաջնորդին զիջումների գնալ եւ խուսափել առճակատումից, որը աղետալի հետեւանքներ կունենար բոլոր կողմերի համար: Այս առումով Ռոհանիի թե՛ քաղաքական դերակատարությունը, թե՛ անձնական կարողությունները դեռ կարող են մեծ նշանակություն ունենալ Իրանի զարգացման համար` պահպանելով հանդերձ իսլամի հոգեւոր ներկայությունը եւ այն զուգակցելով արեւմտյան երկրների հետ կայուն, դեպի համագործակցությանը միտված հարաբերություններին: Թեպետ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության իրացնողն այլեւս դեմկորատները չեն, իրավիճակը հազիվ թե լուրջ փոփոխություններ կրի այս առումով:
Իսրայելում ԱՄՆ նախագահ Թրամփը կոչ էր արել Իրանին զերծ մնալ ահաբեկչությունը հովանավորելուց, սակայն սա վաղուց դասվում է դասականացված հայտարարությունների շարքին եւ գործնական հետեւանք ունենալ չի կարող, առավել եւս, որ այդպիսի ապացույցներ հայտնի էլ չեն: Ի վերջո, Թրամփի վարչակազմը վերջերս էր հայտարարել, որ Իրանը կատարում է Միջուկային համապարփակ համաձայնագրի իր պարտավորությունները:
Ինչեւէ, իսլամի նշանակալից ներկայությամբ եւ թելադրող դերով հանդերձ` Իրանը տարածաշրջանում գրեթե միշտ էլ փայլել է հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Այս հանգամանքը հատկապես մեծանշանակ է Հայաստանի համար, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ էլ գտնվում է կիսապատերազմական վիճակում: Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Իրանը ջանքեր է գործադրում 1990-ական թթ. ի վեր: Հայտնի փաստ է, որ երբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում բանակցում էին Ռաֆսանջանիի միջնորդությամբ, հայկական զինված ուժերը ազատագրում էին Շուշին: Ըստ էության, վերջինս էլ սասանեց Իրանի միջնորդության հաջողությունը, սակայն, բարեբախտաբար, լրջագույն հետք չթողեց ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի մոտեցման վրա: Իրանը շարունակում է պահպանել իր հավասարակշիռ կեցվածքը եւ տեղ-տեղ էլ հանդես է գալիս Ադրբեջանի դիրքորոշմանը հակադրվող վարքով:
Օրինակ՝ Իրանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի իրենց խնդիրները լուծեն միասնաբար, առանց երրորդ ուժերի ներգրավման: Սա հստակորեն ադրբեջանամետ կարծիք չէ` հաշվի առնելով Մինսկի խմբի նախագահությունից հրաժարվելու ու հակամարտության լուծումը այլ ատյաններ փոխադրելու Ադրբեջանի ջանքերը: Բնական է, որ Իրանը նման դիրքորոշում ունի բացառապես իր պետական շահերից դրդված, այլ ոչ թե Հայաստանի մասին հոգալու պատճառով:
Եվ ահա այստեղ է, որ խելացի քաղաքական վերնախավը պետք է տեսնի փոխշահավետ այն կետերը, որտեղ կարող են հատվել երկու կողմի համագործակցության եզրերը: Իրանին բնավ ձեռնատու չէ Ադրբեջանի ուժեղացումը, քանզի, օրինակ, խնդիրներ կարող են ծագել Իրանի հյուսիսային շրջանների հետ, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում: Եվ ահա չօգտվել նման պատեհությունից, երբ պատկառելի ռեսուրսներ եւ կշիռ ունեցող հարեւանի հետ ունես ռազմավարական շահեր, մեղմ ասած, աններելի է:
Ըստ այդմ, Իրանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերը շատ հաճախ եւ հատկապես ներկայումս թելադրում են Հայաստանի հետ սերտ գործակցություն: Բավական է հիշել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան աղեղի ու Մերձավոր Արեւելքում իր վճռական ներկայությանը միտված Պուտինի ծրագրերը կիսատ մնացին հենց Իրանի շնորհիվ, որը ձգտում էր Ադրբեջանի փոխարեն աղեղում ունենալ Հայաստանը` պայմանավորված ե՛ւ Ադրբեջանի անվստահելիությամբ, ե՛ւ այդ պետությունը` իր իսկ հաշվին չհզորացնելու միտումով, ե՛ւ Թուրքիայի ճնշիչ գործոնով: Հետեւաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի Իրանի հետ բարիդրացիական եւ առանձնահատուկ համագործակցության ծավալումը:
Եվ ամենեւին ոչ խոսքային ճոռոմաբանություններով, այլ հստակ ճանապարհային քարտեզով ու գործողությունների հետեւողականությամբ: Իրանից եկող ազդակները բազմազան են ու հուսադրող` էստաֆետան հանձնած ՀՀ իշխանություններին, որոնք, սակայն, ամենեւին էլ նախանձախնդիր չեն հարաբերությունների զարգացման ուղղությամբ` թերեւս պայմանավորված ռուսական շրջանակների անհաղթահարելի ազդեցությամբ:
Ն. Հովսեփյան