Ինչպես հայտնի է` ՀՀ մի քանի մարզերում հունիսի 18-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բնակիչները համայնքի ղեկավար են ընտրելու Արագածոտնի, Արարատ, Արմավիր, Կոտայքի եւ Շիրակի մարզերի մի շարք գյուղերում: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված են երկուսը:
Պայքարը կընթանա ՀՀԿ-ական գործող գյուղապետ Մաջիտ Ամոյանի եւ նույն գյուղի դպրոցի պահակ Թեմուր Քալաշյանի միջեւ: Իսկ ահա Արարատի մարզի Սուրենավան գյուղում պայքարը կընթանա ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ. նրանք են` ՀՀԿ-ական գործող գյուղապետ Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը:
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար ընտրվելու համար առաջադրված թեկնածուները երեքն են, որոնք անկուսակցական են: Այսպես՝ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է գործող գյուղապետ Արմեն Խլղաթյանը, «ԱԳԲԱ կրեդիտ Ագրիկոլ» բանկի վարկային գործակալ Պողոս Եղիազարյանը եւ Գրիգոր Գրիգորյանը:
ՀՀ Կոտայքի մարզում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Նոր Հաճն քաղաքում եւ Պռոշյան գյուղում: Ըստ որոշ տեղեկությունների` Նոր Հաճն քաղաքում քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնելու: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները չորսն են` գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, «Ագրո-Հայկ» ընկերության տնօրեն Հայկ Կիրակոսյանը, մշակույթի տան պատասխանատու Հովհաննես Ադամյանը եւ Արմեն Քեշիշյանը: Ի դեպ, նրանք բոլորն անկուսակցականներ են:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սեւակ Գաբրիելյանը, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը եւ միակ կին թեկնածուն` Արմենուհի Մելիքյանը: Նշենք, որ գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
Շիրակի մարզի Բայանդուրում գյուղապետի ընտրությունները նույնպես կանցկացվեն հունիսի 18-ին: Այստեղ կպայքարեն գյուղապետարանի համակարգչային օպերատոր Անի Գրիգորյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Դավիդ Դավթյանը: Շիրակի մարզի մյուս Կարմրաքար գյուղում առաջադրված թեկնածուներն են գործող գյուղապետ Արթուր Մաթեւոսյանը, որը ՀՀԿ-ական է, եւ անկուսակցական Էդգար Կարապետյանը:
Նույն մարզի Հովիտ գյուղում գյուղապետի պաշտոնի համար պայքարի են դուրս եկել հողագործ ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ավետիք Մեսրոպյանը:
Մեր տեղեկություններով՝ առաջադրված անկուսակցական թեկնածուներից շատերն առաջիկայում ինքնաբացարկ կհայտնեն՝ հօգուտ գործող գյուղապետերի:
Սյունէ Համբարձումյան