2 տարի պայմանական ազատազրկում. ևս մեկ ընտրակեղծարար պատժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկություն կատարելու համար երկրորդ կինը 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Սիրվարդ Թովմասյանը ժամը 10:02-ին գնացել էր Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամաս, սահմանված կարգով մեկ անգամ քվեարկել էր: Բայց զգացել էր, որ մեկ անգամը քիչ է, նույն օրը՝ ժամը 14:49-ին, կեղծ փաստաթղթով կրկին էր գնացել նույն ընտրատեղամաս:

Գրանցվելու համար նա անձնագիրը հանձնել էր նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող եւ տեխնիկական սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, սակայն տեխնիկական սարքով անցկացնելու ժամանակ միացել էր նույնացնող սարքի ազդանշանը, եւ սարքը տպել էր կրկնակի գրանցման փորձի կտրոն: Այս արարքի համար Սիրվարդ Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ, եւ 154-րդ հոդվածի` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով հատկանիշներով:

Այս գործը քննվում էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես տեղեկացանք՝ մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալ Սիրվարդ Թովմասյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Արդյունքում գործը նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը դատական քննությունը իրականացրել է արագացված եւ մայիսի 17-ին հրապարակել է այս գործով վճիռը. Սիրվարդ Թովմասյանը ազատազրկման է դատապարտել 2 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատավորը սահմանել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Ս. Թովմասյանի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնի վրա` պարտավորեցնելով նրան` առանց այդ մարմնի թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը եւ այդ մարմնի կողմից նշանակված օրերին ներկայանալ տարածքային մարմին:

Նշենք, որ Լոռու մարզի բնակիչ Բավական Բարսեղյանը եւս պայմանական ազատազրկման էր դատապարտվել երկու տարի ժամկետով: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, խորհրդարանական ընտրությունների օրը կրկնակի քվեարկություն իրականացրած անձինք կարողանում են ջրից չոր դուրս գալ, նրանց նկատմամբ մեղմ պատիժ է սահմանվում, որն էլ վերջում չի կիրառվում:

Քնար Մանուկյան

 




Լրահոս